
Մենք եկող տարվա համար նույնպես որպես հիմնական նպատակադրում մեզ համար սահմանել ենք 7 տոկոս տնտեսական աճի ծրագրային թիրախ: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ կապիտալ ծախսերը կավելացվեն ավելի արագ, քան ընթացիկ ծախսերը, և սրանք բոլորը միասին պետք է նպատակ ունենան ապահովելու տնտեսական աճի կայուն միջավայր:
«Մենք նախատեսել ենք, որ պարտքը նախորդ տարվա 60,3 տոկոս մակարդակից կառավարության ծրագրային ժամանակահատվածում պետք է նվազի մինչև 50 տոկոսը չգերազանցող մակարդակը, և արդեն 2023 թվականի համար մենք նախատեսում ենք ՀՆԱ-ի 50 տոկոսը չգերազանցող չափով պարտքի մակարդակ»,- ասաց նա և նշեց, որ սա պայմանավորված է նաև արժույթների նկատմամբ դրամի ուժեղացմամբ:
Նախարարը նշեց, որ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերի հանրագումարը կկազմի 548 միլիարդ դրամ, որը 49 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա կապիտալ ծախսերի ցուցանիշը: «Կապիտալ ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի 5,9 տոկոսին, որը 2022 թվականի նկատմամբ ավելի է 1,5 տոկոսով»,- ասաց նա: