SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում։

Ժամը 18։25-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի և աջ զստային շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության, քննչական կոմիտեի խմբերը: Նրանք պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Ալեն Առուշանյանն է։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է, ոստիկանության  ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 17։30-ի սահմաններում Գորիս քաղաքի «Նոր զանգեր» կոչվող տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ա․ Առուշանյանի և Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գևորգ Շահնազարյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս կրակոցներ է արձակել ու հրազենային վնասվածքներ պատճառել Ա․ Առուշանյանին։

Ոստիկանության բացատրական աշխատանքների արդյունքում Գ․ Շահնազարյանը ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին՝ ներկայացնելով նաև իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի 12 տ/չ ողորկափող որսորդական հրացանը և 1 հատ ձևափոխված փամփուշտ:

Դեպքի վայրում էլ հայտնաբերվում են 5 հատ կրակված փամփուշների պարկուճներ և արնանման հետքեր։

Գ․ Շահնազարյանը ոստիկանության Գորիսի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։ 

Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Ա․ Առուշանյանը Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հորեղբոր՝ Անուշավան Առուշանյանի թոռն է։

761