Հոկտեմբերի 31-ին Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության Հրազդանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Հանքավանի, մյուսը՝ Մեղրաձորի բնակիչ, ապօրինի հատել են ծառեր և պատրաստվում են հանքավանցու վարած բեռնատարով փայտանյութը տեղափոխել:

Հրազդանի ոստիկանները շտապել են տեղեկությունն իրացնելու և երեկոյան ժամը 19։00-ի սահմաններում մոտ 10 խմ փայտանյութով բեռնված «Զիլը» հայտնաբերվել է Հանքավանում: Վարորդն ու ընկերը հայտնել են, որ սոճիները հատել են Հանքավանի հարակից անտառից` առանց թույլտվության: Պարզվել է, որ նրանք նախկինում ևս կատարել են ապօրինի ծառահատումներ և փայտանյութը տեղափոխել հանքավանցու տան բակ:

Երկուսն էլ ձերբակալվել են: Փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխվել է Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ բեռնատարի վրա տեղադրված է այլ մեքենայի համարանիշ: Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

1125