Բռնցքամարտի աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Անդրանիկ Հակոբյանի և նրա ընկերների ջանքերով հիմնանորոգվել է Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճը:

Մարզադահլիճի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտի աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Անդրանիկ Հակոբյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, «Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ Մանվել Խոյեցյանը և այլք։

Միջոցառման մեկնարկին մարզադպրոցի բակում տեղի է ունեցել Արցախյան հերոսամարտում Սպիտակի տարածաշրջանից զոհված մարզիչ-մարզիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի օրհնության կարգ՝ ձեռամբ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է մասնավոր կառույցների և բարերարների օժանդակությամբ իրականացվող աշխատանքները:

«Մարզադահլիճի բացումը երկու խորհուրդ ունի՝ հարգել այն մարդկանց հիշատակը, որոնք ամեն ինչ արել են՝ հանուն հայրենիքի, և մեկնարկը տալ մի մարզադպրոցի, որտեղ կկոփվեն շատ մանուկներ: ՀՀ Կառավարությունը սպորտի ոլորտում հսկայածավալ շինարարություն է իրականացնում. կառուցվում են նոր մարզական դպրոցներ, համալիրներ: Որքան էլ պետությունն ահռելի միջոցներ է ներդնում, մասնավորի օժանդակությունը շատ կարևոր է: Շնորհակալ եմ մեր անվանի բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանին և նրա ընկերներին, որ այսպիսի ներդրում են կատարել հայկական սպորտում: Վերջերս բարերարների ջանքերով հիմնանորոգվեց նաև Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցը: Սպորտում ներդրումներն անհրաժեշտ են առողջ սերունդ դաստիարակելու համար»,- նշել է Կարեն Գիլոյանը՝ գործարարներին հորդորելով աջակցել սպորտի ոլորտի պետական քաղաքականությանը՝ ներդրումներ կատարելով սպորտային ենթակառուցվածքների զարգացման ասպարեզում:

Հիմնովին վերանորոգված մարզադահլիճը հագեցվել է անհրաժեշտ մարզագույքով, տեղադրվել է պրոֆեսիոնալ ռինգ, որտեղ իրենց մարզումներն առավել արդյունավետ անցկացնելու հնարավորություն կունենան բազմաթիվ պատանիներ:

Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը շնորհակալագիր է հանձնել «Անդրանիկ Հակոբյան և ընկերներ» բարեգործական հիմնադրամին՝ «Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում բռնցքամարտի մարզադահլիճը հիմնովին վերանորոգելու համար:

424