Այսօր մայրաքաղաքի սրտում «Եվրատեսիլը» Հայաստան բերած Մալենան և մեր այս տարվա ներկայացուցիչ Նարե Ղազարյանը տվեցին հետհաշվարկի մեկնարկը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց Մալենային համաեվրոպական այս մրցույթը Հայաստան բերելու համար. «Միջոցառմանը հետևելու են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից: Սա իսկական տոն է մեր քաղաքի համար: Երևանի քաղաքապետարանը առանձնահատուկ է պատրաստվում քաղաքի տոնական ձևավորման ու լուսավորման ուղղությամբ: Այս տարի հենց «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցներն են վառելու հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը»:

Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսիյանն էլ նշեց, որ այս ընթացքում մեծ աշխատանք է կատարվել, որպեսզի բոլորը մասնակից դառնան տոնին. «Ես հիշում եմ, թե մենք ինչ պատրաստություն էինք տեսնում մեկ տարի առաջ՝ «Մանկական Եվրատեսիլի» նախօրեին: Ամեն բան արեցինք, որ Մալենան հրաշալի ելույթ ունենա ու հաղթի: Այդպես էլ եղավ, հրաշքը պտտվեց, և այս մրցույթը եկավ Հայաստան: Առաջիկա մեկ ամսում քաղաքը կշնչի Եվրատեսիլով: Ակտիվ շրջանը սկսված է, շուտով կլինի նաև տոմսերի վաճառք: Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին և մեր բոլոր գործընկերներին աջակցության համար»:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մասնակից երկրների դիվանագիտական ներկայացուցիչները, մրցույթի գործընկերներն ու Եվրատեսիլի երկրպագուները:

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Առաջին ալիքը կկազմակերպի տարբեր միջոցառումներ տոնական տրամադրությունը համաքաղաքացիներին և զբոսաշրջիկներին փոխանցելու համար:

Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում մրցույթի մասնակիցները կվառեն մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը:

3135