ԿԳՄՍ-ի տվյալներով՝ ՀՀ 571 պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորում է ազգային փոքրամասնությունների 5285 աշակերտ:
Ազգային փոքրամասնություններին իրենց իրավունքների պաշտպանության հարցում առավելապես անհանգստացնում է հենց կրթության իրավունքը: Մասնագետների պակասի խնդիր. սա է անհանգստացնում եզդիներին, ասորիներին ու քրդերին, թեև, մասնավորապես եզդիներն ու քրդերը չեն իրացնում իրենց կրթության իրավունքը:
Վաղ ամուսնություններ, կրթության ոչ շարունակականություն, ինչի հետևանքով էլ իրենց մայրենի լեզվի մասնագետների պակաս են ունենում:
«Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի անդամ Համլետ Սմոյանը մասնավորապես նշում է, որ իրենք չեն կարողանում իրացնել իրենց կրթության իրավունքը հիմնականում վաղ ամուսնությունների պատճառով, ինչը համատարած բնույթ է կրում: «Դա ոչ թե իրավունքի ոտնահարում է, այլ գալիս է հենց եզդիներից: Օրենսդրորեն ոչ մի արգելք չկա, որ եթե անձը ամուսնացել է, ապա չի կարող ուսումը շարունակել, բայց առկա է օրենքի իրացման խնդիր: Բացի այդ, վաղ ամուսնության խնդիրը վերաբերում է ոչ միայն աղջիկ երեխաներին, այլ նաև տղաներին, իհարկե վերջին շրջանում տղաների շրջանում ամուսնության տարիքի շեմը բարձրացել է, սակայն դա էլ պայմանավորված է պարտադիր զինվորական զորակոչով, այսինքն՝ բանակից վերադառնում են, հետո են ամուսնանում»- ասաց նա:
Համլետ Սմոյանը նկատեց, որ կրթության բացը կապված է նաև նրա հետ, որ դրա իմաստը և կարևորությունը չեն հասկանում եզդիները: «Համայնքում մյուս խնդիրներն արդեն բխում են թերկրթված հասարակություն ունենալուց: Հայաստանը առաջին երկրներից է, որտեղ եզդիերենը դասավանդվում է դպրոցում, և տեսնում եմ պետական հաստատությունների կողմից շահագրգռվածություն՝ դպրոցներում եզդիերեն լեզվի դասերի որակը բարձրացնելու հարցում, բայց այստեղ չունենք համապատասխան մասնագետներ»,- ասաց նա: Նա նաև նկատեց, որ թերկրթվածության պատճառով է ՏԻՄ մարմիններում թերներգրավվածությունը:
«Ազգային փոքրամասնությունների առումով խնդիրները շատ նուրբ են, կոշտ լուծումները ճիշտ կարող են չընկալվել, քանի որ հենց մենք՝ եզդիներս, այդ խնդիրների վրա քաշել ենք «ազգային ավանդույթ» քողը, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ վաղ ամուսնությունը կամ կրթություն չստանալը եզդիների ազգային ավանդույթը չէ։ Քանի դեռ առանց կրթություն ստանալու Հայաստանում մարդ կարող է հարմարավետ ապրել և այդ մարդիկ չեն ցանկանում կոնֆորտ զոնայից դուրս գալ, այդ իսկ պատճառով իրենց անգրագիտությանը ասում են ազգային ավանդույթ»,- հավելեց Համլետ Սմոյանը:
Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կնյազ Հասանովը ևս նշում է, որ իրենց մասնագետների պակասի հարցը անհանգստացնող է, և վաղ ամուսնության խնդիր իրենք ևս ունեն: «Մենք ունենք քրդերեն լեզվի ուսուցիչների պակաս, այսինքն՝ այն մարդիկ, որոնք վաղուց աշխատել են, նրանք արդեն թոշակի են անցել, բայց հին սովորույթներով աղջիկներին և տղաներին շուտ են ամուսնացնում, դրա համար դպրոց կամ չեն ավարտում, կամ ավարտելուց հետո չեն գնում սովորելու»,- ասաց նա:
Նա կարծում է, որ լավ կլիներ՝ ամրագրվեր օրենքներով, որ տարեկան մեկ կամ երկու ազգային փոքրամասնության ներկայացուցիչ մրցույթից դուրս, անվճար հիմունքներով կարողանային շարունակել ուսումը: «Ես ճիշտ չեմ համարում այդքան շուտ ամուսնությունները: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ անչափահաս երեխաներին ամուսնացնելը օրենքով է արգելված: Ոչ թե պետությունը, այլ ծնողները պետք է վերահսկեն և հասկանան դա, սակայն մեկը մյուսի խելքին ընկնելով շուտ են ամուսնացնում, երևի գնալով դա էլ կվերանա: Մեզ մոտ երեխաների 30-40 տոկոսը կամ շուտ են ամուսնանում, կամ չեն ավարտում դպրոցը, և ոչ միայն ամուսնություններն են պատճառը, որ չեն շարունակում ուսումը, այլև կան մարդիկ, որոնք պարզապես չեն ցանկանում: Դրսի քրդերի մեջ էլ կա այդ սովորությունը և դա էլ մենթալիտետ է կամ ադաթներ, որոնք ընդունելի չեն և պետք է փոխվեն: Այն սովորույթներն ու ադաթները, որոնք լավն են, պետք է պահպանվեն, մյուսները վերանան»,- ասաց նա:
Հայաստանում ասորիների համայնքի ներկայացուցիչ, Ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնի համակարգող նախագահ Ռազմիկ Խոսրոևը նշում է, որ թեև ասորիները վաղ ամուսնությունների խնդիր չունեն, բայց կրթական խնդիրներ ունեն:
«Ավելին՝ ասորիները շատ են կարևորում կրթությունը և առաջին հերթին ծնողները մտածում են երեխաներին տալ բարձրագույն կրթության: Բացի այն, որ օրենքի շրջանակներում այդ հարցը լուծված է, որ անչափահասները չամուսնանան, այդ մասին չենք էլ մտածում, քանի որ ապրում ենք լիարժեք ՀՀ քաղաքացու նման, նույնիսկ, մի քիչ եվրոպական քաղաքակրթությամբ: Լինում են խառն ամուսնություններ, որն ամենևին չի խանգարում, քանի որ մեր աղջիկները շատ ուժեղ են, և եթե անգամ ասորի աղջիկը ամուսնանում է հայ տղայի հետ, միևնույն է՝ պարտավորություն ունի իր երեխաներին սովորեցնելու իր մայրենի լեզուն»,- ասաց նա:
Ռազմիկ Խոսրոևը նշեց, որ իրենց կրթական խնդրի պատճառները այլ են: «Օրինակ, եթե մենք վերապատրաստում ենք ուսուցիչներ տարբեր երկրներում՝ Իրանում, Իրաքում, և հետո երբ վերադառնում են, չեն կարող այստեղ դասավանդել, քանի որ Հայաստանի օրենքների համաձայն՝ անպայման ուսուցիչը պետք է այստեղ բուհի կրթություն ստացած լինի, որպեսզի դպրոցում կարողանա աշխատել: Խնդիրն այն է, որ մենք պետք է նրանց նորից նախապատրաստենք Երևանի պետական մանկավարժական համալսարանում, որպեսզի հնարավորություն ունենանք նրանց աշխատանքի տեղավորել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է բուհերին, ապա Ռազմիկ Խոսրոևը նշեց, որ թեև որոշ տեղեր կան հատկացված մշակույթի բնագավառում, բայց ցանկալի կլիներ, որ ոլորտները և տեղերը ավելի շատացնեին:
«Օրենքում գրված է, որ ազգային փոքրամասնությունների մշակույթը զարգացնելու համար կոնսերվատորիայում կամ թատերական ինստիտուտում տեղեր են հատկացվում անվճար, ենթադրենք՝ երկու տարին մեկ, բայց, քանի որ 11 ազգային փոքրամասնություն կա, այդ տեղերն էլ քիչ են, չեն ապահովում ամբողջ ազգային փոքրամասնությունների մշակույթը կարգի բերելու համար: Հայաստանը միակ երկիրն է, որ տեղ ազգային փոքրամասնությունների լեզուն դպրոցներում դասավանդվում է պետական հովանավորությամբ, մի բան, որին կնախանձեն հայերը արտասահմանում»,- ասաց նա:
Այս ամենին արձագանքելով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ հանրակրթության ոլորտի օրենսդրությունը նույնն է ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների ուսուցիչների և սովորողների համար՝ առանց որևէ ազգային խտրականության:
«Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը հնարավորություններ կընձեռի ազգային փոքրամասնությունների դպրոցներում ավելի շատ ժամաքանակ հատկացնելու սեփական լեզուն, պատմությունը և մշակույթը ուսումնասիրելուն: Ասորերենի, եզդիերենի, քրդերենի 1-12-րդ դասարանների ներկայում գործող ուսումնական ծրագրերն ու դասագրքերը մշակվել են տասը և ավելի տարիներ առաջ, այդ համայնքները ներկայացնող մասնագետների մասնակցությամբ: Այժմ այդ ծրագրերը և դրանց հիման վրա ստեղծված դասագրքերը վերանայման կարիք ունեն՝ հաշվի առնելով հանրակրթության նոր չափորոշչի սահմանած պահանջները: Այս առումով օգտակար կարող են լինել համապատասխան համայնքի, մասնագիտական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների լայն մասնակցությամբ քննարկումները»,- ի պատասխան մեր հարցմանը նշում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարությունից հայտնում են նաև, որ Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի և ծրագրերի փորձարկման արդյունքների քննարկման շրջանակում հնարավոր է անդրադարձ կատարել նաև ազգային փոքրամասնությունների սովորողների կրթական խնդիրներին: «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «ՀՀ ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ: Արմավիրի մարզի Ֆերիկ բնակավայրում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից գործում է պետական աջակցությամբ ներդրված նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայություն, որում ընդգրկված են շուրջ մեկ տասնյակ նախադպրոցական տարիքի երեխաներ:
«Ուսուցիչների պակասը համապետական խնդիր է և վերաբերում է նաև ազգային փոքրամասնությունների ուսուցմամբ հաստատություններին: Ուսուցիչների պատրաստման, վերապատրաստման, ատեստավորման, աշխատավարձերի բարձրացման նոր մեխանիզմների ներդրման ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվում են հստակ քայլեր, որոնք կարող են նպաստել նշված խնդրի լուծմանը, այդ թվում նաև ազգային փոքրամասնությունների դպրոցներում»,-շարունակում է փոխնախարարը և հայտնում, որ 2022 թ. ազգային փոքրամասնություններից եզդիերենի յոթ ուսուցիչներ մասնակցել են կամավոր ատեստավորմանը: Նրանցից երեքը հաղթահարել են սահմանված շեմը, որի արդյունքում կատարվել է դրույքաչափի փոփոխություն և հավելավճարի տրամադրում:
Ինչ վերաբերում է վաղ ամուսնությունների պատճառով կրթության իրավունքը չիրացնելուն, ապա փոխնախարարը ասում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը: Կարգի պահանջները, առանց որևէ խտրականության, տարածվում են 6-18 տարեկան բոլոր դպրոցահասակների վրա:
Անդրադառնալով բուհերում ազգային փոքրամասնությունների ներգրավվածությանը՝ ասվում է, որ համաձայն ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ցանկի 17-րդ նպատակի՝ «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության սկզբունքների և մեխանիզմների վերանայում և ներառականության ընդլայնում» միջոցառմամբ նախատեսվում է ազգային փոքրամասնություններին օժանդակելու նպատակով բարձրագույն կրթության բակալավրի կրթական աստիճանով յուրաքանչյուր տարի մինչև 7 անվճար տեղերի հատկացում:
Լիանա Առաքելյան