Կառավարությունը հավանություն է տվել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Օրինագծերով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին: Կարևորելով զինծառայողներով համալրված և «այլ զորքերի» կարգավիճակով օժտված մարմնի գործառույթների օպերատիվ կառավարման անհրաժեշտությունը, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ Պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու և համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով՝ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում: Միաժամանակ, առաջարկվում է սահմանափակել պաշտոնաթող Հանրապետության նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետները:

Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ տարածքում Հանրապետության նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետը սահմանափակել համապատասխանաբար 7 և 10 տարիներով: Նշված ժամկետների ընտրության համար հիմք է ընդունվել Հանրապետության նախագահի պաշտոնավարման սահմանադրական ժամկետը և Ազգային ժողովի ընտրության (համապատասխանաբար՝ վարչապետի պաշտոնավարման) երկու սահմանադրական ժամկետը: Բացի այդ, առաջարկվում է նախատեսել դրույթ, համաձայն որի՝ վերը նշված ժամկետների ավարտից հետո պաշտոնաթող Հանրապետության նախագահներին և վարչապետներին պետական պահպանություն հնարավոր կլինի տրամադրել վարչա-պետի որոշմամբ (օրինակ՝ կախված այն հանգամանքից, թե վերջիններս ինչ տեղեկատվության կրող են կամ արդյոք վերջիններիս կյանքին որևէ վտանգ է սպառնում):

Առաջարկվում է նախատեսել նաև իրավակարգավորումներ, որոնց պարագայում պաշտոնաթող Հանրապետության նախագահներին և վարչապետներին՝ օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կտրամադրվի մեկ տարվա ընթացքում օտարեկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ընթացքում:

Մյուս նախագծերով առաջարկվող կարգավորումներն ածանցյալ են նշված հիմնական փոփոխությունից: Նախագծերի փաթեթում ներառված է նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերանայել պաշտոնաթող Հանրապետության նախագահի՝ մեկ տարվա ընթացքում այլ պետություններ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող այցերի ընդհանուր տևողությունը, համանման կարգավորում նախատեսել նաև պաշտոնաթող վարչապետի համար, միաժամանակ, կանոնակարգելով նաև վերջիններիս՝ այլ պետություններ կատարվող այցերի ժամանակ նրանց պետական պահպանություն տրամադրելու նպատակով Պետական պահպանության ծառայության զինծառայողների՝ օտարերկրյա պետություններ գործուղման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները:

Բացի դրաննից՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայում օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, ծնող) համար ապահովվում է ՀՀ-ում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա:

Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայում հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկա-պակցված է նաև անվտանգության հետ: Միաժամանակ, վերոհիշյալ նախագծով առաջարկվում են նաև այլ կարգավորումներ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք անմիջականորեն առնչվում են պետական պահպանության օբյեկտներ հանդիսացող անձանց՝ նպատակահարմար է գտնվել առաջարկվող փոփոխությունները միավորել մեկ փաթեթում:

194