Փոխարժեքը բազմաթիվ գործոններից միայն մեկն է, որը կարող է ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի, գազի սակագների ձևավորման վրա. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթաց, 2 շաբաթվա ընթացքում արդեն հստակություն կլինի: Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա նախևառաջ կարևոր է ներկրման գինը. միայն սա հստակեցնելուց հետո հանձնաժողովը կարող է նախաձեռնել սակագնի վերանայում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը խոսել է էլեկտրաէներգիայի, գազի սակագների վրա դրամի արժևորման հնարավոր ազդեցությունից:

Անդրադառնալով էլեկտրաէներգիային՝ Ուլիխանյանն ասաց. «Ամեն տարի ընդհանուր համակարգում վերանայում իրականացվում է, սակայն սպառողի համար սակագինը կարող է փոխվել, կարող է չփոխվել: Բայց արտադրողների, ծառայություն մատուցողների մոտ ամեն տարի վերանայում իրականացվում է: Փոխարժեքն էլ այն բազմաթիվ գործոններից մեկն է, որ ազդեցություն է ունենում: Նախորդ տարիներին ևս փոխարժեքը հաշվի առնվել է, սակայն նախորդ տարիներին նման մեծ շեղում չի եղել, մեծ ազդեցություն չի ունեցել: Իսկ այս տարի շեղումը մեծ է, հետևաբար մեծ ազդեցություն կունենա»,-ասաց Ուլիխանյանը: Հանձնաժողովն այս պահին իրականացնում է վերանայում: Աշխատանքները սկսվել են սեպտեմբերի կեսից: «Երկու շաբաթվա ընթացքում նոր միայն վերջնական հստակություն կլինի: Այս պահին դեռ կատարվում են ուսումնասիրություններ, վերլուծություններ: Մինչև տարվա վերջ պետք է ներկայացվի նիստի քննարկմանը»,-նշեց Ուլիխանյանը: Թե ինչ չափով կարող է ազդել, նա չի կարող ասել, սակայն այն, որ ազդեցությունը դրական է լինելու, միանշանակ է: Իսկ թե արդյոք փոխարժեքը վերջնական սպառողի սակագնի ձևավորման վրա կունենա ազդեցություն, թե ոչ, կախված է նաև մյուս գործոնների ազդեցությունից: «Ունենալու ենք թե դրական կերպով ազդող գործոններ՝ այդ թվում փոխարժեքը, թե բացասական ազդող գործոններ: Օրինակ, սակագնի ավելացման տեսանկյունից բացասական գործոններից մեկն այն է, որ 2021 թվականին համակարգում ներդրումներ են իրականացվել, և դրանք պետք է սակագնով փոխհատուցենք: Սա ևս ներառելու ենք սակագնի հաշվարկներում: Այն իր չափով կբերի սակագնի ավելացման, փոխարժեքն էլ կբերի նվազեցման»,-ասաց Ուլիխանյանը:

Սակագնի ձևավորման վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործոններից է նաև արտադրության հաշվեկշիռը: Այսօր էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հետ դեռևս քննարկումներ են ընթանում առաջիկա տարվա արտադրության հաշվեկշռի շուրջ: Այդ հաշվեկշիռը դեռ չկա: Այսպիսով կարող են լինել թե դրական, թե բացասական գործոններ: «Այդ բոլոր դրական, բացասական գործոնների հանրագումարում միայն կերևա՝ ընդհանուր արդյունքը դրակա՞ն է, թե՞ բացասական: Եթե ընդհանուր արդյունքը լինի դրական, միանշանակ սպառողի սակագնի նվազեցում կլինի, բայց սա դեռ ուսումնասիրության փուլում է»,-ասաց Ուլիխանյանը:

574