
Եվրամիության «վատ տղաների»՝ Հունգարիայի և Լեհաստանի հարաբերությունները փլուզվել են՝ Ուկրաինային օգնության հարցում դիրքորոշումների տարբերության պատճառով։ Այս մասին գրում է Politico հրատարակությունը։
Պարբերականը նշում է, որ տարաձայնությունների պատճառը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ռուսամետ դիրքորոշումն է։ Վարշավային նյարդայնացնելու վերջին քայլը Օրբանի վետոն է Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրված 18 միլիարդ եվրոյի օգնության փաթեթին:
Հրատարակությունը մեջբերում է լեհ սյունակագիր Յակուբ Յարաչևսկու կարծիքը, որը վստահ է, որ Հունգարիան և Լեհաստանն այժմ գտնվում են «ավելի թունավոր հարաբերությունների մեջ»։ Մինչ Իտալիայի նոր կառավարությունը կարող է աջակցել Հունգարիային, Լեհաստանը կարող է գնալ հակառակ ուղղությամբ: Երկարաժամկետ հեռանկարում դա կմեկուսացնի Օրբանին և կնվազեցնի Բրյուսելին դիմակայելու նրա կարողությունը, ասվում է հոդվածում։
Բուդապեշտի և Վարշավայի հարաբերությունները կարող են պարզվել մի քանի օրից, երբ քվեարկություն կանցկացվի ԵՄ-ի կողմից Հունգարիային հատկացված լրացուցիչ միջոցների սառեցման շուրջ։ Ըստ ԵՄ պաշտոնյաների, Լեհաստանը կանգնած է ընտրության առաջ՝ շարունակել քաղաքական ծածկույթ ապահովել Բուդապեշտի համար, թե՞ անջատվել նրանից: