
Ընդհանուր որևէ լարվածություն չկա, անհանգստացնող միջադեպեր չեն եղել։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ջերմուկում սահմանային իրավիճակին, ասաց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Մարզպետը վստահեցրեց, որ բնակիչների մեծ մասը Ջերմուկում են. շատ քիչ մասը կարող է վերադարձած չլինեն: Անդրադառնալով ապաստարաններին՝ նա ասաց, որ լրատվամիջոցներով նման տեղեկություններ են հաղորդվում։
«Պատերազմական իրավիճակում ենք, վտանգ ամեն րոպե կարող է լինել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առողջարանային բիզնեսի կրած վնասներին, ապա Արարատ Գրիգորյանը հայտնեց, որ քննարկումներ են եղել էկոնոմիկայի նախարարության հետ, հանդիպումներ հյուրանոցների տնօրենների հետ, քննարկումներ մարզում:
«Որպես այդպիսին, հիմա գործարկվող ծրագրեր չկան, բայց նախագծեր քննարկվում են»,- ասաց մարզպետը և վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է, որ ճոպանուղին գործի։ Նա ասաց, որ թեև հոսք կա դեպի Ջերմուկ, սակայն նախկին ցուցանիշներին չեն հասնում։