
Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, մնացածը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից` միայն մեկ` «Շինուհայր-Ստեփանակերտ» 110կվ օդային գծով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
«44-օրյա պատերազմի արդյունքում տվյալ գծի մի զգալի մասը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով, ինչը խոչընդոտում է գծի լիարժեք սպասարկմանը և, բնականաբար, պարունակում է համապատասխան ռիսկեր՝ ցանկացած վթար կարող է անդրադառնալ էներգամատակարարման համակարգի վրա: Իսկ եթե դա տեղի ունենա, ապա Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում կառաջանա հզորության դեֆիցիտ, և ստիպված կլինենք անցնել հովհարային անջատումների:
Պայմանավորված գազամատակարարման դադարեցմամբ, ինչպես նաև ներկա ջեռուցման ժամանակաշրջանից, կտրուկ բարձրացել է օդային գծերի ծանրաբեռնվածության աստիճանը: Հետագայում վթարային անջատումներից խուսափելու համար բնակչությունը պետք է հնարավորինս խնայողաբար օգտագործի էլեկտրական էներգիան, ինչի համար անհրաժեշտ է.
բոլոր շիկացման լամպերը փոխարինել ԼԵԴ լամպերով,
լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բնակելի տների ջերմամեկուսացման ուղղությամբ,
ջեռուցիչները միացնել ավելի ցածր ջերմաստիճանի վրա,
տնից դուրս գալիս վարդակից անջատել բոլոր սարքերը»: