Իրանը ողջունում է Սիրիայի և Թուրքիայի միջև բանակցությունները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը լիբանանցի գործընկեր Աբդուլլահ Բու Հաբիբի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է Mehr-ը։

«Մենք գոհ ենք Սիրիայի և Թուրքիայի միջև երկխոսությունից և ողջունում ենք ցանկացած երկխոսություն և բանակցություններ երկու երկրների միջև խնդիրների լուծման համար»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով, Աստանայի ձեւաչափը պետք է ամրապնդվի առկա խնդիրները լուծելու համար՝ թույլ տալով Սիրիային մասնակցել դրան։

2022 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում տեղի ունեցան Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։ 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Թուրքիան, որը մինչ այս հակամարտությունը սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, բռնեց Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդների կողմը։ Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ մնում են չլուծված։ Սակայն վերջին շաբաթներին երկու կողմերը, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներ խոսում էին աստիճանական կարգավորման հնարավորության մասին։

605