Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ford Fusion մակնիշի ավտոմեքենան Արագածի փողոցում բախվել է «Լյուքս» հյուրանոցային համալիրի պատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները վիրավորին տեղափոխել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Ցավոք՝ ճանապարհին նա մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արմեն Միսակյանն ու Արսեն Թորոսյանը։ 

Վթարի մասին ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

 

1125