Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում սպասվող լայնածավալ փոփոխությունները:

«Այս փաթեթով փոփոխությունը նախաձեռնել էինք դեռևս 2019 թվականին: Եթե ունենք աշխատանքային օրենսգրքում 266 հոդված, ապա վերանայման, փոփոխման հետ կապված մոտ 122-ը փոփոխվում և լրացվում են: Ինչո՞ւ մենք եկանք այն եզրակացության, որ փոփոխելու կամ լրացնելու խնդիրն առկա է, պատճառները մի քանիսն են. առաջինը՝ պրակտիկայից եկած խնդիրներն են, երկրորդը՝ հաշվի առնելով զարգացումները, աշխատող-գործատու փոխհարաբերությունները գնալով զարգանում են և աշխատանքային օրենսգիրքը պետք է հնարավորություն տա երկու կողմերին էլ կանոնակարգելու իրենց հարաբարեությունները: Երրորդը՝ գալիս է նաև միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու խնդիրը: Զուգահեռաբար, բազմաթիվ առաջարկություններ ենք ստանում այս կամ այն հարցի շուրջ և դրա համար փորձեցինք այս խոշոր փոփոխությանը գնալ»:

Ըստ Սարգսյանի՝ գլոբալ փոփոխությունները կարելի է բաժանել մոտ 6 կետի, որոնք վերաբերում են աշխատողներին, գործատուներին, կանանց, երեխաներին նաև սոցիալական գործընկերությանը. «Մի քանի կետով փորձենք անդրադառնալ առաջարկվող փոփոխություններին. որոշակի փոփոխություններ նախատեսվում են երեխաների աշխատանքային իրավունքին վերաբերող հոդվածներում, սահամանում ենք, որ պարտադիր կրթության համար սահմանված ժամկետից դուրս կարող են իրականացնել որևէ աշխատանք, նաև նախատեսվել են փոփոխություններ, թե ինչով կարող են զբաղվել երեխաները: Հստակեցվել են ժամային սահմանափակումները, թե որ տարիքային խումբն ինչքան կարող է աշխատել: Խոսենք նաև կանանց մասին, որոնք մինչև 2 տարեկան երեխա ունեն: Ունեինք որոշակի արտոնություններ՝ նվազեցնել աշխատաժամանակը մինչև 1 տարեկան երեխա ունեցող կանանց համար, հիմա այդ տարիքային խումբը փոխում ենք՝ 1տարեկանի փոխարեն դարձնելով 2 տարեկան: Այստեղ հնարավորություն ենք տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել երեխայի խնամքին: Նախկինում նախատեսված էր մինչև 1.5 տարեկան երեխա ունեցող կանանց համար 3 ժամը մեկ կես ժամանոց ընդմիջում, այս փոփոխությամբ 1.5 տարեկանը դառնում է մինչև 2 տարեկան, նույն սկզբունքն պահպանում ենք»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը կարևոր փոփոխություն է համարում նաև սոցիալական հավելյալ երաշխիքի տրամադրումը. «Զինհաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած կամ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար հավելյալ երաշխիք ենք սահմանում, եթե տեղի է ունենում աշխատողների քանակի կամ հաստիքների կրճատում, ապա իրենց համար նախատեսվում է արտոնություն, այսինքն, եթե երկու աշխատողից մեկը պետք է ազատվի աշխատանքից, ապա արտոնություն է տրվելու վերը նշված խմբին պատկանող անձին»:

Ռուբեն Սարգսյանն անդրադարձավ նաև աշխատողներին արձակուրդներ տրամադրելու կարգի փոփոխությանը. «Արձակուրդի մասին էլ խոսեմ, հիմնականում արձակուրդը տրամադրվում է գործատուի մոտ 6 ամիս աշխատելուց հետո, բայց դեպքեր կային, երբ գործատուն պատրաստ էր ավելի շուտ տրամադրել արձակուրդը, այս փոփոխությամբ նախատեսում ենք, որ գործատուի հետ համաձայնությամբ աշխատողին տրամադրվի ավելի շուտ արձակուրդ»:

357