Հանրակրթական դպրոցում «Քիմիա» առարկայի ուսուցումն իրականացվելու է երկու փուլով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջին դպրոցում այն որպես պարտադիր առարկա ուսումնասիրվելու է 7-9-րդ դասարաններում: Առարկայի բովանդակությունը կառուցվել է 5-6-րդ դասարաների համար նախատեսված «Բնություն» առարկայի հենքի վրա, որի չափորոշիչն ու ծրագիրը նույնպես էապես փոխվել են։ Ավագ դպրոցում սովորողները, ելնելով նախասիրություններից և մասնագիտական կողմնորոշումից, իրենց ընտրությամբ կարող են քիմիան ուսումնասիրել կա՛մ որպես առանձին առարկա, կա՛մ ինտեգրված «Բնագիտություն» առարկայի շրջանակում, որը ներառում է գիտելիքներ նաև բնագիտական այլ առարկաներից: Վերջինս նախատեսված է հումանիտար և հասարակագիտական ոլորտում մասնագիտացողների համար և դասավանդվելու է 10-11-րդ դասարաններում:

Ի տարբերություն քիմիայի այժմ գործող չափորոշչի և ծրագրի՝ նոր մշակված փաստաթղթում կատարվել են հետևյալ փոփոխությունները. գործող չափորոշչով սովորողներին ներկայացվող եռամակարդակ պահանջները փոխարինվել են դպրոցի յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտի համար սահմանված ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով: Դրանք ուղղված են ոչ միայն տեսական նյութի իմացությանը, այլ նաև սովորողների տրամաբանական մտածողության, գիտելիքները տարբեր իրավիճակներում կիրառելու, պրակտիկ գործունեություն ծավալելու կարողությունների զարգացմանը:

Վերջնարդյունքները ձևակերպելիս առավել ուշադրություն է դարձվել դրանց չափելիության, հստակության, միարժեքության, սովորողների զարգացման դինամիկայի ապահովման հետ կապված խնդիրներին: Աշխատանքի ընթացքում հաշվի են առնվել մի շարք առաջատար երկրների` քիմիայի կրթական չափորոշչի, ուսումնական ծրագրերի և վերջնարդյունքների մշակման վերջին զարգացումները։ Մասնավորապես, ավագ դպրոցի ծրագրում ներգրավվել են քիմիական ռեակցիաների մեխանիզմների և օրգանական նյութերի կառուցվածքի հետազոտության որոշ կարևորագույն անալիտիկ մեթոդների հիմունքները։ Առարկայի բովանդակությունը կառուցվել է հինգ հիմնական գաղափարների (Նյութի մասնիկային բնույթ՝ ատոմ և մոլեկուլ։ Քիմիական կապ, կառուցվածք և հատկություններ։ Քիմիական ռեակցիաներ։ Էներգիայի պահպանման օրենք և թերմոդինամիկա։ Կինետիկա և հավասարակշռություն) հենքի վրա, որոնք առավել կոնկրետացվել են հաջորդ երկու մակարդակներում: Նման մոտեցումը նպաստելու է ուսումնասիրվող թեմաների, կոնկրետ ուսումնական նյութերի ընտրության արդյունավերության բարձրացմանը:

Աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով առարկայի բովանդակության կառուցման հիմքում դրվել են նաև մի շարք այսպես կոչված՝ խաչվող հասկացություններ, որոնք ընդհանրական են բոլոր բնագիտական առարկաների համար և օգնելու են սովորողներին միավորելու, փոխկապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքներն աշխարհի մասին մեկ ամբողջական պատկերացման շրջանակում: Փաստաթղթում սահմանվել են տարատեսակ հետազություններ կատարելու համար անհրաժեշտ ընդհանրական հմտությունները, որոնց ձևավորմանը պետք է նպատակաուղղվի ուսումնական գործընթացը: Որպես ուսումնական գործունեության տեսակ` ներմուծվել են նախագծային և հետազոտական աշխատաքները: Ի տարբերություն ներկայումս գործող ծրագրի, որը պարտադիր է բոլոր դպրոցների համար, առաջարկվող ծրագիրն ընդամենը օրինակելի է, այսինքն՝ յուրաքանչյուր դպրոց կարող է կամ օգտագործել այդ ծրագիրը, կամ դրա հիման վրա մշակել և հաստատման ներկայացնել իր սեփականը՝ պարտադիր ապահովելով ակնկալվող վերջնարդյունքների ձևավորումը:

Առաջարկվող օրինակելի ծրագրում բեռնաթափվել է ուսումնական նյութը, ինչը հնարավորություն է ընձեռելու առավել շատ ժամանակ հատկացնել սովորողների գործնական հմտությունների զարգացմանը, խնդիրների լուծմանը, լաբորատոր, նախագծային և հետազոտական աշխատանքների կատարմանը: Վերանայվել են քիմիայի ուսումնական ժամաքանակները 7-12-րդ դասարաններում, ինչպես նաև` սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման ձևերը և սկզբունքները։ Քիմիա առարկայի ուսումնառության հայեցակարգում ներկայացված են ուսումնառության նպատակները, արդիականությունը և քիմիայի դերը մեր երկրի հանքարդյունաբերության, առողջապահության, էկոլոգիական, գյուղատնտեսության և տեխնոլոգիական հիմնախնդիրների լուծման գործում։

513