Աշտարակի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Կոշ գյուղում բնակվող մի երիտասարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Ստացված տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին։ Փետրվարի 1-ին իրավապահները Կոշում հայտնաբերեցին, ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխեցին 27-ամյա մի երիտասարդի։

Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ձերբակալվածի մեքենայի խուզարկությամբ բեռնախցիկում հայտնաբերվեց հրազեն: Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեցին փամփուշտներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

537