Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Համայնքների պալատին ներկայացված միջնորդությունն ընդունվել է միաձայն: Այս մասին հաղորդում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։
«Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միաձայն ընդունել է պատգամավոր Ստեֆան Բերժերոնի ներկայացրած միջնորդությունը՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, երաշխավորել տեղաշարժի ազատությունը և խուսափել հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից»,- նշված է Կանադայի Հայ դատի հանձնախմբի Twitter-ի էջում տարածված հաղորդագրությունում։
Միջնորդությունը կուղարկվի Համայնքների պալատ, նաև կառավարությունից պատասխան կպահանջվի։
Կանադայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել պատգամավոր Ստեֆան Բերժերոնին, ինչպես նաև հանձնաժողովի բոլոր անդամներին «այս հրատապ հարցում ցուցաբերած աջակցության համար»: