
Արդեն 2 ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ ճանապարհին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջամշլու գյուղից մինչև Սպիտակի ոլորանների 1-ին հատված մոտ 350-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում երթևեկել։
Պատճառը ուժեղ բուքն է և մի քանի բեռնատարների՝ Սպիտակի ոլորանում ճանապարհի մեջտեղում հայտնվելը, բեռնատարները չեն կարողանում առաջ ընթանալ։
Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության, Պարեկային ծառայության Արագածոտնի և Լոռու գումարտակների պարեկները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածի և Սպիտակի հրշեջ-փրկարարաներն ու Ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները։
Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները մոտ 40-ից ավելի ավտոմեքենա դուրս բերեցին ձնաբքի տակից։
Իսկ բեռնատարների դուրսբերման հարցում 4 երիտասարդ քաղաքացիական անձինք, մեծ դժվարությամբ՝ 10-ից ավելի բեռնատարներ դուրս բերեցին անվտանգ վայր։
Այս պահին Արագածոտնի և Լոռու պարեկները թույլատրում են վարորդներին մեկ-մեկ անցնել ճանապարհը։