ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող  Հայկ Արամի Պետրոսյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն փետրվարի 19-ին՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել էր գլխի շրջանում ստացած  հրազենային վիրավորումով և մահացած վիճակում ընդունվել Իջևանի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների՝ Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցի հետևանքով։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, և որոշում է կայացվել նախաքննություն կատարելու համար քննչական խումբ ստեղծելու մասին:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ։

Վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական և այլ փորձաքննություններ, հարցաքննվել են զինծառայող Հ.Պ.-ի հետ մարտական դիրքում ծառայության նշանակված բոլոր զինծառայողները:

Քննությամբ պարզվել է, որ 2023թ. հունվար-փետրվար ամիսներին մարտական դիրքում 2 իրար հաջորդող հերթապահությունների ընթացքում պայմանագրային զինծառայող, դիրքի պատասխանատու Ն.Մ.-ն և դիրքի ավագի օգնական Հ.Ա.-ն առաջին անգամ մարտական հերթապահության ընդգրկված առանձին զինծառայողներին, այդ թվում նաև` Հ.Պ.-ին, ենթարկել են ծաղրուծանակի, որոշ դեպքերում ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել՝ ստորացնելով զինծառայողների պատիվն ու արժանապատվությունը, առանձին դեպքում ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանցից 2-ի մարմնի տարբեր մասերին։

Նախաքննության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ այլ հանցագործությունների հատկանիշներով ՀՀ քրեական օրենսգրքի 519-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ և միացվել զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին։  

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնոդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայող Ն.Մ.-ի և նույն մարտական դիրքի ավագի օգնական, շարքային զինծառայող Հ.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Ն.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 524-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ), իսկ Հ․Ա․-ին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 519-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դատարան միջնորդություններ են ներկայացվել՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 19-ին զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը ստացել է հրազենային մահացու վիրավորում:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

830