Ռուսական կողմն առաջարկել է հետաձգել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը Մոսկվայում, Անկարան համաձայնել է առաջարկին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ավելի վաղ թուրքական պետական TRT Haber հեռուստաալիքը հայտնել էր, որ հանդիպումը կկայանա Մոսկվայում մարտի 15-16-ը։ Ավելի ուշ թուրքական մեկ այլ՝ NTV հեռուստաալիքը հայտնել է, որ հինգշաբթի օրը նախատեսված սիրիական կարգավորման շուրջ պատվիրակությունների հանդիպումը տեխնիկական պատճառներով հետաձգվել է։
«Ռուսական կողմն առաջարկել է հետաձգել ժամանակացույցը: Հավանաբար նրանք սիրիական կողմի հետ համատեղ որոշում են կայացրել: Հետո նրանք ասացին, որ դա կանեն (հանդիպում կկազմակերպեն) ապագայում, և մենք համաձայնեցինք», - Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում A Haber հեռուստաալիքը:
Դեկտեմբերին Ռուսաստանը հյուրընկալեց Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների միջև 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։ 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Թուրքիան, որը մինչ այս հակամարտությունը սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, բռնեց Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդների կողմը։ Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ մնում են բարդ։ Սակայն վերջին շրջանում երկու կողմերը, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներ խոսում են աստիճանական կարգավորման հնարավորության մասին։