Զբոսաշրջային սեզոնը կարելի է ասել դեռ նոր է բացվում, սակայն Հայաստանում այս առումով խնդիրներն արդեն մտահոգիչ են։ Հատկապես, խոսքը վերաբերում է արտագնա զբոսաշրջության ոլորտին և ՀՀ քաղաքացիների համար այլ երկրների մուտքի վիզաներ ստանալու հարցին։

Հայաստանում վերջին շրջանում բավական շատացել է նաև արտագնա տուրիզմը, սակայն սրան զուգահեռ ՀՀ քաղաքացիները բախվում են որոշ դժվարությունների։ Վիզաների կենտրոնում և Հայաստանում գործող դեսպանատներում քաղաքացիները հաճախ բախվում են ավելորդ ձգձգումների, փաստաթղթային քաշքշուկների հետ։

Վիզաների կենտրոնն ու դեսպանատները գրեթե միշտ աշխատում են գերծանրաբեռնված, ինչը թույլ չի տալիս քաղաքացիներին պատշաճ սպասարկում մատուցել։

Թեպետ այսօր վիզաների ստացման կարգը գրեթե ամբողջովին թվայնացված է և այդ գործարքների որոշ մասը իրականացվում է առցանց եղանակով, միևնույն է, դա չի լուծում այն խնդիրները, որոնց բախվում են ՀՀ քաղաքացիները։

Մասնագետների հավաստմամբ՝ հիմնական խնդիրները գրանցման, ժամանակի և փաստաթղթերը հանձնելու մեջ է: Գործընթացը պահանջում է որոշակի ժամանակ և այդ ժամանակը կարող է անվերջ լինել միայն այն պատճառով, որ այդ գործընթացում ներգրավված է քիչ թվով սպասարկող անձնակազմ։

Ըստ մասնագետների՝ ԱՊՀ երկրների շարքում շենգեն վիզայի ստացման ամենաբարդ ու դժվար պայմանները միայն Հայաստանում են։

Եթե այլ երկրներում բավարար է ներկայացնել միայն տեղեկանք հաշվեհամարի մնացորդի մասին` ցույց տալու, որ քաղաքացին ունի գումար սեփական ծախսերը հոգալու համար, ապա Հայաստանում վերցնում են վերջին 3-6 ամսվա բանկային քարտի տվյալները, հետաքրքրվում են ֆինանսական շարժերով, ինչն էապես բարդացնում է գործընթացը։

Քաղաքացիներին սպասարկելու առումով չկա տարբերակված մոտեցում։

Օրինակ՝ շատ քաղաքացիներ կարողանում են բավարարել վիզա ստանալու բոլոր պահանջները, ունեն համապատասխան ֆինանսական միջոցներ, բարձր վարձատրվող և կայուն աշխատանք, չունեն քաղաքացիության կացության հետ կապված խնդիրներ, սակայն վիզա ստանալու համար ստիպված են լինում օրերով, նույնիսկ շաբաթներով սպասել իրենց հերթին։

Օրինակ՝ այսօրվա դրությամբ որոշ երկրներ մուտքի վիզա ստանալու համար առաջիկա ամիսներն արդեն զբաղված են և ազատ օրեր գրեթե չկան, որպեսզի քաղաքացիները հերթագրվեն և դիմեն։ Սա նաև այլ խնդիրներ է առաջացնում։ Քիչ չեն դեպքերը, երբ հերթագրված մարդիկ սկսում են իրենց հերթը որոշակի գումարի դիմաց վաճառել՝ այդպիսով խախտելով հավասարության սկզբունքը։

Այստեղ, թերևս, մեծ աշխատանք ունեն անելու դեսպանատները, վիզաների կենտրոնը, նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Վիզա կենտրոնները, նաև դեսպանատները զբոսաշրջային սեզոնի օրերին պարտավոր են ավելացնել իրենց աշխատակիցների թիվը։ Հատկապես, որ վիզաների գործընթացի համար քաղաքացիները վճարում են։ Դեսպանատների հետ աշխատանք պետք է տանի նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, քանի որ խնդիրն առնչվում է հիմնականում ՀՀ քաղաքացիներին, և պետական այս կառույցը պարտավոր է հոգալ, որպեսզի ՀՀ քաղաքացիները պատշաճ և քաղաքակիրթ սպասարկում ստանան։ Սա վերաբերմունք է նախևառաջ սեփական քաղաքացիների նկատմամբ, վերաբերմունք, որն անհիմն խնդիրների պատճառով բացասական երանգ է ստանում։

Հայաստանում շատ է խոսվում ներքին զբոսաշրջությունն ակտիվացնելու մասին, սակայն, այս առումով չպետք է աչքաթող արվի նաև արտագնա տուրիզմը, որը կարևոր է ոչ միայն քաղաքացիների, այլև ընդհանուր պետության զբոսաշրջային ոլորտի զարգացման համար։

644