Դահլիճը լքելու, դաշտը լքելու հարցում այսօր ընդդիմությունը իր հավասարը չունի և եթե լքում եք այս դահլիճը, բանավիճող դաշտը, ապա դուք լքում եք նաև մյուս բոլոր դաշտերը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Ես ուղղակի զարմանում եմ, որ ամեն անգամ գալիս են, ինչ-որ կուսական զարմանքով խոսում են, որ այ մենք չգիտենք, թե ինչ եք բանակցում, այն դեպքում, երբ վարչապետը հրավիրել է փակ քննարկման, որտեղ պատրաստ էր ներկայացնել բանակցային գործընթացը: Այս մարդիկ շեֆից հարցրել են, շեֆը արգելել է»,-ասաց նա:

Հայկ Կոնջորյանը, շարունակելով դիմել ընդդիմությանը, նշեց, որ իրենք՝ որպես նախկին իշխանություն, որը 20 տարի ղեկավարել է Հայաստանը և Հայաստանի ճակատագիրը, պարզապես մեռած անցլյալ չեն: «Դուք մեռած պատմություն չեք, կենդանի պատմություն եք, ձեր կայացրած որոշումներն այսօր ազդում են մեր կյանքի վրա: Դուք կենդանի հուշարձանն եք այն բանի, թե ինչքան վատ, ինչքան խայտառակ կարող է լինել ընդհանրապես բանակցությունը, դիվանագիտությունը և ընդհանուր պետական կառավարումը: Դուք կենդանի հուշարձանն եք քսանամյա խայտառակության և բարբարոսության, որ կատարել եք Հայաստանի Հանրապետության հետ, և ես նաև ինչ-որ իմաստով հասկանում եմ, թե դուք ինչու այդքան խիզախություն չունեք տեղներումդ նստեք և լսեք ձեր մասին ասված ճշմարտությունը»,-ասաց նա:

684