
Մեր քաղաքացիները 30 տարի դատական համակարգից դժգոհ են եղել, մեր արդարադատության ոլորտը այն մակարդակին չէ, որով մենք կարող ենք ուրախանալ, հպարտանալ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Անդրադառնալով աշխատավարձերին՝ նա նշեց, որ այդ առումով գործադիրը երկու-երեք բլոկով է առաջ գնում. առաջինը դատախազական համակարգն է, մյուս ուղղությունը քննչական բլոկի աշխատավարձի բարձրացումն է: «Եվ երրորդը, որ ես անձամբ ամեն գնով ուզում եմ այդ հարցը դնել գործադիրի քննարկմանը, դա առաջին ատյանի դատավորների աշխատավարձի բարձրացումն է, որոնք գերծանրաբեռնված են»,-ասաց նա:
Անդրադառնալով ՔՊ խմբակցության՝ ՄԻՊ-ի պաշտոնում Անահիտ Մանասյանի թեկնածության առաջադրման հարցին, Գրիգոր Մինասյանն ասաց, որ թեկնածուն բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող անձնավորություն է: Նա նշեց, որ ՄԻՊ-ի թեկնածության առաջադրումը երկար է տևել, որովհետև որոշումը մեկ մարդու կողմից չի կայացվում:
«Դա ժողովրդավարական գործընթացով է անցնում, քննարկվում է, եթե լինում են անհամաձայնություններ, հետ է քաշվում: Օրենքի սահմաններում կա ժամկետ և այդ ժամկետը չի խախտվել, բարդ փնտրտուքներն ապացուցում են, թե պրոցեսներն ինչքան առողջ են: Որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ կոնսենսուսով որոշումը նշանակում է բարդ ընթացակարգ»,- ասաց նա և կրկնեց, որ լավ թեկնածու է առաջադրվել: