2018 թվականի առկա բանակցային ժառանգության մեջ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» հասկացություն գոյություն չունի և կա «ԼՂ ամբողջ բնակչություն» հասկացություն: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում, պատասխանելով ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս բառերը շատ կարևոր են: Ժողովուրդը սահմանադիր սուբյեկտ է, բնակչությունը սահմանադիր, այսինքն՝ ինքնիշխանության սուբյեկտ չէ»,- ասաց նա և նշեց, որ միշտ էլ հրավիրել է դռնփակ քննարկման:
«Ինչ վերաբերում է ինքնորոշմանը, ապա առաջին՝ եթե ասում ենք ինքնորոշում, ապա ումի՞ց և որտեղի՞ց ենք ինքնորոշվում, օրինակ՝ ինչո՞ւ չենք ասում՝ ՀՀ-ն ինքնորշվի: Մադրիդյան սկզբունքներով մենք ԼՂ-ն ճանաչել ենք Ադրբեջանի մաս, մենք ճանաչել ենք և չենք ասել, և բոլոր կռիվները, պատերազմները դրա հետ են կապված եղել: Երբ մենք ասում ենք ինքնորոշում, ո՞րն է ինքնորշման սկզբունքը»,- ասաց նա և հիշեցրեց, որ ԼՂ-ն 98 թվականին դուրս է թողնվել բանակցային գործընթացից:
Նա նշեց, որ ինքը ևս սխալներ արել է, և պետք է արձանագրենք՝ կամ առերեսվում ենք, կամ չենք համաձայնում այս ամենին: «Ես հիմա տեղեկատվություն, վերլուծություն ունեմ և ասում եմ, որ եթե մենք այս իրողության հետ չառերեսվենք, չի ստացվելու: ԼՂ հարցի բանակցողը պետք է լինի ԼՂ ժողովրդի ներկայացուցիչը, քանի որ ինքը լեգիտիմ մանդատ չունի դա ներկայացնի»,- ասաց նա: