756 անձի մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի և ռազմական դրության ընթացքում զորամասերն ապօրինի լքելու, դասալքության և ծառայությունից հրաժարվելու հոդվածներով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանի հայտարարությունը։

Ավելի վաղ Աննա Հակոբյանը, Տավուշի մարզում հաբնդիպումներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք ենք ունեցել»՝ զինվորականներ, կամավորներ եւ այլն։

Դատախազության տվյալներով 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) ժամանակ դասալքության և զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու գործերով հարուցվել է 1786 քրեական վարույթ` 10687 անձի վերաբերյալ:

Ներկայում նախաքննական մարմնի վարույթում վերոնշյալ հոդվածներով քննվող քրեական վարույթների թիվը 226 է։

Զորամասն ինքնակամ թողնելու համար որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, դասալքության համար 132 անձ, զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար 444-ը։

Մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ` 143 անձի վերաբերյալ։

Դատարան ուղարկված 118 գործից 58-ով` 64 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է, իսկ 60 գործ` 79 անձի վերաբերյալ` գտնվում է դատաքննության փուլում։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել էր մեկնաբանել Հակոբյանի հայտարարությունը։

1147