
«Ես միանում եմ պարոն Թունյանին և պարոն Մանուկյանին կոչ եմ անում միանալ մեզ ու գալ Թուրքիա: Այն, ինչ ասվել է պարոն Մանուկյանի կողմից տարբեր հարթակներում՝ այս ամբիոնից, փողոցում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, Թուրքիայի վերաբերյալ, Ադրբեջանի վերաբերյալ, եկեք այնտեղ ասեք, պարոն Մանուկյան, ինձ թվում է՝ դա շատ ավելի լավ հարթակ է, քան այստեղ կամ փողոցում Թուրքիայի հասցեին արտահայտություններ անելը, ես կարծում եմ՝ դա շատ արդյունավետ է Հայաստանի համար»,- ԱԺ ամբիոնից դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Պապոյանն անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին՝ նշեց, որ ՀՀ-ի շահերի պաշտպանությունը չի ճանաչում նեղ մասնագիտացումներ. «Եթե, օրինակ՝ որևէ մի անձ դիվանագիտության մեջ բավականին փորձառություն ունի, օրինակ՝ ես ինձ այդպիսին չեմ համարում, և կարող է օրինակ՝ Հայաստանը ներկայացնել այս կամ այն հարաբերություններում, կարծում եմ՝ այդ մարդու պոտենցիալը պետք է օգտագործել, և պետք չէ ասել, այ, եթե դու գնում ես Մոսկվայում բանակցում ես, չես կարող գնալ Վաշինգտոնում բանակցել, այս տրամաբանությունն ինձ համար շատ աբսուրդային է: Ես կարծում եմ, որ այն պոտնեցիալը, որը կա ԱԺ-ում, մենք բոլորս պետք է օգտագործենք: Եթե ձեր միջից ինչ-որ մեկը կա, որ կարող է թուրքերի հետ լավ բանակցել, դուք էլ ներառվեք, գնացեք ու բանակցեք»: