
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը, թե հոկտեմբերի 17-ին ձեռք բերված զինադադարի մասին համաձայնությունը չի նշանակում պատերազմի ավարտ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը տվեց հետևյալ պատասխանել է.
«Հենց այդ էլ ուզում էինք լսել»:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում: «Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը: Հրադադարը պետք է լինի կայուն և վերիֆիկացվող»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարեց, թե Ադրբեջանի նպատակը բոլոր հողերի ազատագրումն է, ինչը նախագահի մակարդակով բազմիցս ասվել է։
«Մենք մինչեւ վերջ ենք գնալու, «մի քանի գյուղ ազատագրվեց, մնացածը մնաց» խոսակցություններ չեն կարող լինել։ Այս մարդասիրական հրադադարի նպատակը գերիների եւ դիակների փոխանակումն է, սակայն սա պատերազմի ավարտ չէ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան: