Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հասկացնում են, որ պատրաստ չեն ռիսկի դիմել և կարող են միանալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Վալդայ» ակումբի III Կենտրոնաասիական համաժողովում։

«Չնայած մեր դիրքորոշումները համընկնում են միակողմանի տնտեսական սահմանափակումների անընդունելիության և ոչ լեգիտիմության վերաբերյալ, Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ, այնուամենայնիվ, չեն ցանկանում ստանձնել համապատասխան ռիսկեր, հասկացնում են, որ պատրաստ են հետևել արևմտյան սահմանափակումներին»,- ասել է փոխնախարարը։

Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանը ոչ մեկին չի թելադրում, թե ինչ արտաքին և ներքին քաղաքական ուղղությամբ է պետք շարժվել, «երբ դա չի հակասում փոխադարձ պարտավորություններին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի հարցում»։ «Մենք վստահ ենք, որ Կենտրոնական Ասիայի մայրաքաղաքները դա լավ տեսնում և հասկանում են. Ռուսաստանի հետ կապերի արհեստական ոչնչացումը կարող է հանգեցնել ավելի լուրջ վնասների, քան տխրահռչակ երկրորդական պատժամիջոցների ծախսերը»,- հավելել է նա։

Փոխնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը տրամադրված է Կենտրոնական Ասիայի երկրների հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետևողական ամրապնդմանը։

556