Այսօր Սոնան կդառնար 35 տարեկան` հաստատ դարձյալ կյանքով լեցուն, էներգիայով լի։ Կրակի կտոր էր Սոնան։

2020 թվականի նոյեմբեր։ 44-օրյայի ծանր ավարտից հետո Սոնան ամեն օր ծանրացած սրտով գալիս էր աշխատանքի ու սկսում հետպատերազմյան վիճակից դուրս գալու լուծումներ քննարկել։ Այ կտեսնեք, ոտքի ենք կանգնելու, չմտածեք` մեզ համոզում էր։ Շատ հայրենասեր էր, լավատես։

Անցել է արդեն 3 տարի, բայց դեռ մի տեսակ անսովոր է Սոնայի մասին անցյալ ժամանակով գրելը։ Տեսնես նոյեմբերի 13-ին է՞լ էր իրեն հատուկ լավատեսությամբ գալիս խմբագրություն, թե՞ սիրտը մի բան վկայում էր…

Ես միստիկային չեմ հավատում եւ սնահավատ էլ չեմ։ Բայց Սոնայի դեպքից հետո սկսվել եմ մի տեսակ վախենալ. 2020 թվական (նահանջ տարի), նոյեմբերի 13, ուրբաթ։

Այդ օրը երկար սպասեցինք Սոնային։ Եվ ոչ մեկիս մտքով չանցավ, որ առավոտյան ավտովթարի մասին լուրում մահացած Ս.Դ.-ն կարող էր մեր Սոնան լինել։

Սոնա Դավթյանը արհեստավարժ լրագրող էր՝ պրպտող, գերակտիվ, նպատակասլաց։ Լրագրողի ուժեղ հոտառությամբ կարողանում էր նյութեր պատրաստել՝ հանրային հնչողություն տալով հասարակությանը հուզող թեմաներին։ 

Ակտիվ լուսաբանում էր հասարակական, քաղաքական, տնտեսական ու սոցիալական ոլորտները, իսկ իրավական ոլորտը նրա տարերքն էր։ Քանզի նրա համար մարդու  իրավունքը գերակա արժեք էր։ Սոնան մասնագիտությունը ծառայեցնում էր հանուն հասարակության բարօրության, հանուն մարդու իրավունքների պաշտպանության և միշտ կանգնում էր այն մարդկանց կողքին, որոնք ունեին իր աջակցության կարիքը։ Իր կապերն օգտագործում էր ամենատարբեր անձանց օգնելու համար։ 

Բոլորն են զգում քո պակասը, Սոնա ջան, շնորհավոր երկնային ծնունդդ։

Araratnews.am

3122