Հանրապետության նախագահի աշխատակազմի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր բացվել է «ՌՋԾԷ. Պատմության բանալի» խորագիրը կրող ցուցահանդես: Մատենադարանի պատմությանը նվիրված այս ցուցադրության սցենոգրաֆիան հիմնված է Մատենադարանի հին կահույքի ու պարագաների, լուսանկարների, գծագրերի, ձեռագրերի, քանդակների, արխիվային փաստաթղթերի, հուշանվերների, նվիրատվությունների, գրքերի և տեսանյութերի համադրությամբ ստեղծված կոնցեպտի վրա: Ցուցադրության գեղարվեստական մասն ապահովում է նվիրաբերված մի եզակի ձեռագիր՝ արծաթաքանդակ կազմով, որը երբեք չի ցուցադրվել:

Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը, բացելով ցուցահանդեսը նշել է, որ այն բացառիկ հնարավորություն է ստեղծում մի քանի րոպեում տեսնել Մատենադարանի գործունեության ամբողջ ընթացքը:

«Այսօր կտեղափոխվենք անցյալ դարի 60-ական թվականներ, երբ Մատենադարանը ստեղծվեց՝ որպես Հայոց հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և տարիների, տասնամյակների հերթականությամբ կգանք մինչև մեր օրեր: Կտեսնենք, թե դարերի ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով անցած հայերեն ձեռագրերը, որոնք հավաքվեցին և մեկտեղվեցին այս տանը, որը Մեսրոպ Մաշտոցի անունն է կրում, ինչպես են այստեղ ուսումնասիրվում, ինչպես են պահպանվում, ինչպես են խնամվում, նորոգվում և այլն: Այս ընթացքում, իհարկե, հսկայական աշխատանք է արվել:

Ցուցադրությունը հնարավոր եղավ նաև հովանավորների շնորհիվ: Առաջին հերթին, իհարկե, երախտագիտությամբ ուզում եմ նշել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը աջակցել է այս ցուցահանդեսի կայացմանը, ինչպես նաև ուզում եմ նշել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, մեր աշխատակազմին, որը, քրտնաջան աշխատելով, ստեղծել է այս հետաքրքիր ցուցադրությունը»:

Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանը, որը հանդես է եկել ցուցահանդեսի կազմակերպման մտահղացմամբ, նույնպես ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել աջակցելու ու կատարված աշխատանքի համար: Ցուցադրությունը տևելու է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը՝ ժամկետի երկարացման հնարավորությամբ:

 

584