Այսօր՝ Զատկի 40-րդ օրը, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի համբարձման օրը:

Ըստ Ավետարանների՝ Քրիստոսը 40 օր մնացել է երկրի վրա, իրական և հոգեղեն մարմնով երևացել Իր աշակերտներին, ուսացանել, օրհնել ու պատգամներ տվել նրանց: 40-րդ օրը Նա առաքյալների աչքի առաջ, Իր նյութեղեն մարմնով համբարձվել է երկինք:  Քրիստոսի Համբարձման տոնը հայ քրիստոնյաները նշել են ժողովրդական հանդիսություններով՝ «Ջան գյուլում»-ի արարողություններով (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվել, ավանդույթը պահպանվել է Էջմիածնում և հարակից գյուղերում:

Համբարձման օրվա տոնակատարությունների մեկնարկի օրը կոչվում է «Ծաղկամոր կիրակի»։ 

Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախել է  կռապաշտ հորից և ապաստանել Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդել է աղջկան, գտել նրան և սպանել: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրել է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարել է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակները բուժվել են այդ հիվանդություններից: Նրա ապաստանած քարանձավն ուխտատեղի է դարձել: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ըստ ավանդության՝ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքն է: 

758