
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծում է, որ դաշինքի որոշ երկրներ, այդ թվում՝ Լեհաստանը և Բալթյան երկրները, կարող են իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա, եթե դաշինքի երկրները չկարողանան անվտանգության երաշխիքներ տրամադրել Կիևին։
«Եթե ՆԱՏՕ-ն չկարողանա համաձայնության գալ Ուկրաինայի առաջընթացի հստակ ուղու շուրջ, հնարավոր է, որ որոշ երկրներ առանձին-առանձին քայլեր ձեռնարկեն: Մենք գիտենք, որ Լեհաստանն ակտիվորեն մասնակցում է Ուկրաինային կոնկրետ օգնություն ցուցաբերելու գործում։ Եվ ես չեմ բացառում, որ Լեհաստանն է՛լ ավելի ակտիվորեն կներգրավվի այս համատեքստում ազգային հիմունքներով, իսկ Բալթյան երկրները կհետևեն՝ գուցե նաև զորքեր մտցնելով Ուկրաինայի տարածք»,- ասել է պարոն Ռասմուսենը The Guardian-ին տված հարցազրույցում։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը կարծում է, որ Լեհաստանը կարող է կոալիցիա հավաքել նրանցից, ովքեր ցանկանում են ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, եթե Կիևը ոչնչի չհասնի դաշինքի հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում։ Պարոն Ռասմուսենը հորդորել է չթերագնահատել «լեհերի զգացմունքները», քանի որ Արևմտյան Եվրոպան երկար ժամանակ ականջ չէր դնում Լեհաստանի նախազգուշացումներին «իսկական ռուսական մտածողության» մասին։