Այսօր երեք համանախագահներից ավելի ակտիվ են եղել Ռուսաստանն ու Ֆրանսիան, և հիմա ամերիկյան կողմի միանալն էլ կարևոր է: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ  ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝  անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների սպասվելիք հանդիպմանը:

 

«Տվյալ դեպքում երեք համանախագահների մոտ օրակարգում մեկ հարց է. որ ոչ միայն հայտարարվի հրադադար, այլև այդ հրադադարն իրականացվի: Եվ պատահական չէ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը սրան էր նվիրված»,- նշեց Քոչարյանը:

 

Ներկա փուլում երեք համանախագահներն ունեն մեկ մանդատ, որն է՝ նպաստել կողմերի միջև փոխզիջումների միջոցով ընդհանուր հայտարարի հասնելուն՝ նշեց փոխնախարարը: Եվ երկրորդ մանդատը կապված է համանախագահ երկրների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամության հետ, և դա ենթադրում է թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում:

377