
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարգադրել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյաներին ամբողջ աշխարհում ձեռնպահ մնալ անցյալ ուրբաթ երեկոյան Ռուսաստանում ապստամբության փորձի վերաբերյալ մեկնաբանություններից, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով երեք ամերիկացի պաշտոնյաների:
Նախօրեին Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել էր, որ շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով շփումներ է ունեցել Ռուսաստանի իշխանությունների հետ, որոնց ընթացքում նրանք հերքել են իրենց մասնակցությունը Եվգենի Պրիգոժինի ապստամբությանը և հիշեցրել են պարտավորվածությունը՝ ապահովելու ամերիկացի դիվանագետների անվտանգությունը։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ավելի ուշ ասել է, որ ԱՄՆ-ն «լավ և անմիջական շփումներ» է ունեցել հանգստյան օրերին և անհամբեր սպասում է շարունակությանը:
Մինչ այս հայտարարությունները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շաբաթ օրը Մոսկվայում կառավարության պաշտոնյաների հետ շփումների ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը ներգրավված չէ «Վագներ» խմբի հետ տեղի ունեցած իրադարձություններին և հույս է հայտնել, որ Ռուսաստանի միջուկային զենքը «կարգին կլինի»։