
Ադրբեջանը խոչընդոտում է հունիսի 28-ի սադրանքի հետևանքով զոհված ժամկետային զինծառայողներ Երվանդ Թադևոսյանի և Սամվել Թորոսյանի մարմինների տեղափոխումն Արցախից Հայաստան:
Այս մասին հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արցախի Հանրապետության խորհրդարան 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի աշխատանքների ամփոփման ժամանակ:
Երվանդ Թադևոսյանի ընտանիքը Քաշաթաղից է: 44-օրյա պատերազմից հետո հանգամանքների բերումով, ապրում են Վեդիում
Ստեփանակերտում ապրող Սամվել Թորոսյանի հարազատներն էլ ցանկություն են հայտնել որդուն հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Ադրբեջանը, սակայն, շահարկում է չեղած հանգամանք՝ պնդելով, թե իբր զինծառայողները Հայաստանի զինուժից են:
«ՀՀ մի քաղաքացի չկա Արցախյան պաշտպանության բանակում ծառայող: Զոհվածը ոչ թե ՀՀ քաղաքացի է, գիտեք ով է, հայրն աշխատում էր փրկարար ծառայությունում, հիմա տեղահանված է, ապրում էին Քաշաթաղի շրջանում:
Հուղարկավորումը խնդրել են կատարել այդ տարածքում: Ադրբեջանը որքան էլ ցույց տա, որ ՀՀ քաղաքացի է, այդպիսի բան չկա: Միջազգային հարթակում փորձելու են քաղաքականացնել, բայց մենք պարտավոր ենք հարգել այդ ընտանիքի ցանկությունը»,-ասել է Արցախի նախագահը: