Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 27-ի քրեական գործի քննությունը ակտիվ նախաքննության փուլում է և իրականացվում է պատշաճ դատախազական հսկողության ներքո։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն դիտարկմանը, թե Հոկտեմբերի 27-ի գործով ընթացքի մանրամասները դուրս են մնացել գլխավոր դատախազի հաղորդումից:

Աննա Վարդապետյանը պարզաբանեց՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդման մեջ չի ներառվել՝ հաշվի առնելով նախաքննության շահերը։

«Ես դիտավորյալ չեմ պատասխանի ոչ մի բովանդակային հարցի, որպեսզի չվնասեմ քննությանը»,- ասաց Վարդապետյանը:

Նա նաև նկատեց՝ դատախազությունը կիսատ տեղեկատվություն չի հրապարակի, քանի որ կիսատ տեղեկատվության հրապարակումը թույլ է տալիս հասկանալ՝ ինչ հնարավոր զարգացում կարող է ունենալ գործը:

«Հրապարակված կիսատ տեղեկատվությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ հնարավոր զարգացում կարող է ունենալ գործը, և անձինք ուղղակի անհետանում են Հայաստանի Հանրապետությունից, ու մենք չենք կարողանում նրանց նկատմամբ հետապնդում իրականացնել: Դրա համար նմանատիպ քննարկումները վնասում են»,- ասաց գլխավոր դատախազը։

219