«Բաքուն բարձր է գնահատում ԱՄՆ-ի ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին ասված է ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված շնորհավորական նամակում։

«Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացում»,- ասված է Ադրբեջանի ղեկավարի նամակում։

Ալիևն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները դինամիկ են զարգանում և մի շարք ոլորտներում հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի․ «Միացյալ Նահանգները բոլոր փուլերում ամուր և հետևողականորեն աջակցել է Ադրբեջանի էներգետիկ ռազմավարությանը: Մենք հատկապես բարձր ենք գնահատում սերտ համագործակցությունը էներգետիկ անվտանգության ապահովման գործում, ԱՄՆ-ի համապարփակ աջակցությունը լայնածավալ անդրազգային նախագծերին»,- ասված է շնորհավորական նամակում։

496