Հայաստանում ամեն տարի այս օրը՝ հուլիսի 5-ը, նշվում է որպես Սահմանադրության օր: Մայր օրենքն արդեն 28 տարեկան է, օրը՝ ոչ աշխատանքային:

1995 թվականի հուլիսի 5-ին երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Այն ժամանակվա ընդդիմությունը հանրաքվեի արդյունքները կեղծված համարեց, սակայն պաշտոնական տվյալներով Սահմանադրությունն ընդունվեց: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր:

Տասը տարի անց` 2005 թ. նոյեմբերի 27-ին, երկրում կրկին անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները հավանության արժանացրեցին գլխավոր փաստաթղթում առկա փոփոխությունները: Այդ փոփոխություններով ընդլայնվեցին խորհրդարանի լիազորությունները: Ընդդիմության կոչով հասարակության մեծ մասը բոյկոտեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, սակայն պաշտոնապես հանրաքվեն համարվեց կայացած եւ այդ փոփոխություններն ընդունվեցին:

Սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվել նաեւ 2015-ին: Մասնավորապես, 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ըստ որի Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի: Ըստ այդմ, Հայաստանում այլևս տեղի չեն ունենա նախագահի ընտրություններ՝ համաժողովրդական քվեարկությամբ: Խորհրդարանական կառավարման անցելուց հետո ՀՀ նախագահն ընտրվել է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված Ազգային ժողովի եւ ընտրիչների ինստիտուտի կողմից:

Նշենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով` 2001 թ. հուլիսի 24-ի որոշմամբ, հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր և հայտարարված է ոչ աշխատանքային:

440