Անձնագրի միջի ելքի վիզայի հետ կապված մինչև հիմա հերթեր են առաջանում, ինչի՞ համար է դա ընդհանրապես, ես չեմ հասկանում։ Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին, դիմելով Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին, հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գագրիելյանը։

«Աշխարհում կա՞ մի երկիր, որի քաղաքացին ունի վավեր անձնագիր, բայց մի հատ էլ այդ անձնագիրն օգտագործելու համար գալիս կնիք են ուզում, այնպես էլ չի, որ մեծ գումար է՝ պետությունը գումարի համար է անում»,–ասաց պատգամավորը և հետաքրքրվեց, թե արդյոք նախատեսված է  այս ընթացակարգը հանել, քանի որ հերթերի մեծ մասը հենց այդ կնիքի համար է։

Փոխնախարարը նշեց, որ կարգավորումը սահմանված է  կառավարության որոշմամբ։ «Այդ խնդիրը վերջնական և ամբողջական բիոմետրիկ նոր համակարգի ներդրմամբ կլուծվի, երբ ՀՀ–ում կգործի մեկ ճամորդական անձնագիր՝ այն է բիոմետրիկ (կենսաչափական) տվյալներ պարունակող անձնագիրը և նման կնիքի անհրաժեշտություն չի լինի»,– ասաց նա։

Սիսակ Գաբրիելյանը նկատեց, որ այդ անձնագրերի տպելն էլ  պարբերաբար երկարաձգվում  է և արդեն երկու-երեք անգամ ժամկետի հետաձգման համար քվեարկել են։

 Արա Մկրտչյանը նշեց, որ ժամկետների հետ կապված՝ չի տիրապետում տեղեկատվությանը։ «Ինչ վերաբերում է, թե աշխարհում կա երկրորդ երկիր, որտեղ անձնագրում պահանջում են նաև օտարերկրյա պետությունում վավերականության կնիք, իմ իմանալով՝ ոչ»,– ասաց նա և նշեց, որ եթե նախատեսում են, որ  շատ կուշանան բիոմետրիկ անձնագրերը, ապա պետք է քննարկել և հանել այդ կարգավորումը, թեև նշեց, որ չի կարծում՝ այդքան կուշանա այդ հարցը։

798