
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձավ զինանշանի փոփոխության հարցին և նշեց, որ այդ հարցով չկա որևէ աշխատանքային խումբ, որն ունի աշխատանքային ձևաչափ:
«Իհարկե, հարցը ձևակերպված է և դրա շուրջ պետք է մտածել, բայց ավելի կոնկրետ աշխատանքային պրոցես չկա»,- ասաց նա և նշեց, որ պետք է մտածել այն խնդիրների մասին, որոնք գուցե կարիք ունեն փոխվելու։
«Ես՝ որպես այդ ոլորտը կարգավորող նախարար, առաջին հերթին կարիք ունեմ լսելու պրոֆեսիոնալ կարծիք և մասնագետների: Ես կարծում եմ, որ մենք մտածելու բան ունենք: Պետական խորհրդանիշները պետության դեմքն են և որևէ փոփոխություն պետք է շատ լավ մտածված, քննարկված և հասկացված լինի, այսինքն՝ պետք է հասկանանք ինչն ենք փոխում և ինչի»,- ասաց նա և նշեց, որ մենք մեր պատմությունից չենք հրաժարվում, ուղղակի պետք է հասկանալ՝ ինչպես ենք մենք վերաբերվում մեր ներկային:
Անդրադառնալով կրթական հաստատություններին՝ նախարարն ասաց, որ շարունակաբար ունենալու ենք օպտիմալացման գործընթաց, քանի որ ունենք շուրջ հարյուր հաստատություններ: «Խոսքը այստեղ անհարկի ավելի մեծ թվով հաստատություններ չունենալու և ավելի արդյունավետ ունենալու մասին է»,- հավելեց նա: