ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Խոսելով տնտեսական կյանքի մասին՝ Քոչարյանն ասում է, թե այսօրվա տնտեսությունը հիմնված է ընդերքի շահագործման վրա։ Այո, դա այդպես է, բայց ով-ով՝ գոնե Ռոբերտ Քոչարյանը չպետք է խոսի ընդերքի անխնա օգտագործման մասին, որովհետև մեր տնտեսության մեջ հանքարդյունաբերության դերի դոմինանտության սկզբը դրվեց հենց Քոչարյանի նախագահության տարիներին, իսկ ինքը՝ Քոչարյանը անձամբ դարձավ այդ ընդերքը շահագործող հանքերի սեփականատեր կամ բաժնետեր։ Եվ այսօրվա մեր տնտեսության խայտառակ կառուցվածքի թիվ մեկ մեղավորը առաջին հերթին հենց Ռոբերտ Քոչարյանն է։

 

Տնտեսության կառուցվածքին անդարդառնալով՝ Քոչարյանը հայտարարում է, թե գործող իշխանությունը չի կատարել ներառական տնտեսական համակարգ ստեղծելու իր խոստումը։

 

Այո, Հայաստանի տնտեսության կառուցվածքն ու համամասնությունները մեզ համար լրջագույն հիմնախնդիրներ են, քանի որ այսօր էլ մեր տնտեսության ողնաշարը շարունակում են լինել հանքերն ու օլիգարխները։ Բայց թե՛ մեկի, թե՛ մյուսի հիմքերը դրվել են հենց Քոչարյանի նախագահության տարիներին։ Քոչարյանն է օլիգարխիան հասցրել ինստիտուցիոնալացվածության այն մակարդակին, որից այսօր էլ այդքան կախված է մեր տնտեսությունը։ Ավելին՝ նա ինստիտուցիոնալացրել է նաև օլիգարխիայի ու քրեական աշխարհի սերտաճումը՝ հիմք ստեղծելով նաև քրեաօլիգրախիայի ձևավորման ու կայացման համար։ Այդ արատների հեղինակը իրեն թույլ է տալիս խոսել ներառական տնտեսություն կառուցելու անկատար խոստման մասին, այն դեպքում, երբ մեր տնտեսությունը ներառական չէ ու այդպիսին չի լինի դեռ երկար ժամանակ հենց իր՝ Քոչարյանի ստեղծած ոչ ֆորմալ կառուցակարգերի ու ինտիտուտների պատճառով։

Քոչարյանը բացահայտորեն ստում է՝ ասելով, թե նոր իշխանության օրոք Հայաստանում մենաշնորհներն ավելացել են։ Այո, Հայաստանում դեռևս կան մենաշնորհային ոլորտներ ու մենաշնորհ ունեցող ընկերություններ, որոնք սակայն Քոչարյանի, իսկ նրանից հետո՝ Սերժ Սարգսյանի թողած անփառունակ ժառանգությունն են։ Բայց ասել, որ անցած երկու տարիներին մենաշնորհներն ավելացել են նշանակում է ուղղակիորեն հիմարեցնել մարդկանց։

 

Ռոբերտ Քոչարյանը խոսում է այսօրվա իշխանության կազմում քավոր–սանիկական կապերի, բարեկամական հարաբերություններով խորհրդարանի ձևավորման մասին, այն դեպքում, երբ իր իսկ իշխանությունը 100 տոկոսով հիմնված էր մարդկանց ծագումնաբանության վրա՝ իշխանության մեջ տեղ ու առաջխաղացման հնարավարություն ունեին միայն ու բացառապես ղարաբաղյան ծագում ունեցողներն ու նրանց հետ փոխկապակացված անձիք։

 

13207