Կոնգրեսական Բրեդ Շերմանը Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է անում Ադրբեջանին հղել այն ուղերձը, որ, եթե բռնությունը շարունակվի, ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին Շերմանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

 

«Չորս շաբաթ է անցել և Ադրբեջանը խախտել է կրակի դադարեցման երկու պայմանավորվածությունը և շարունակում է անխնա թիրախավորել արցախցիներին: Ադրբեջանի ուղերձը հստակ է՝ բռնությունը, ոչ բանակցություններին: ԱՄՆ-ի ուղերձը պետք է այն լինի, որ, եթե հարձակումը շարունակվի, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն»,- գրել է Շերմանը:

 

Հոկտեմբերի 23-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, 31 ներկայացուցիչների համահեղինակությամբ, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:

 

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

 

1in.am

763