
Օգոստոսի 23-ին ՄԱԿ-ում տեղի է ունեցել քննարկում, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների պատվիրակությունների և բազմակողմ հումանիտար համագործակցության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը ներկայացվել է Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսի զեկույցը։
Անդրադառնալով միջազգային հանրության կանխարգելման պարտավորությանը՝ Խուան Մենդեսը ընդգծվել է, որ առկա փաստերը բավարար հիմք են հանդիսանում միջազգային հանրությանը վաղաժամ նախազգուշացում տալու համար առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը «լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս կրելու» վտանգներ են սպառնում, ինչպես որ սահմանված է «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածով։
«Վտանգված բնակչությանը պաշտպանելու նպատակով Արդարադատության միջազգային դատարանի կողմից սահմանված միջանկյալ միջոցն անտեսելը նույնքան մտահոգիչ, խիստ ընդգծված ազդանշան է, որքան դատական հետաքննության հետ համագործակցելուց հրաժարվելը»,- եզրափակել է պրոֆեսոր Մենդեսը՝ մատնանշելով, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները չկատարելու Ադրբեջանի որոշումը բավարար հիմք է, որպեսզի գործարկվեն ՄԱԿ-ի վաղ ահազանգման և կանխարգելման կարողությունները: