Համար 1 երթուղին սպասարկող «Ման» մակնիշի ավտոբուսներում արդեն տեղադրված են տոմսերը կարդացող վալիդատոր սարքերը, իսկ եկող շաբաթվա ընթացքում մնացած բոլոր ավտոբուսներում ևս դրանք տեղադրված կլինեն: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը:  

«Վալիդատորները տեղադրված են լինելու, և մարդիկ «Թել Սել» ապարատից արդեն կարողանալու են 100 դրամ մուտք անել և QR կոդ են ստանալու, որի միջոցով մուտք են գործելու կամ իրենց հեռախոսի հավելվածում քաշելու են «Թել Սել» հավելվածը և հեռախոսով նույնպես կարողանալու են վճարում կատարել»,- ասաց Հովհաննես Մանուկյանը։

Խոսելով այն մասին, որ Երևանում այլևս «հուսահատության» գազելներ չկան, Հովհաննես Մանուկյանն ասաց, որ քաղաքացիները բավականին  գոհ են իրենց կատարած ծառայություններից, իհարկե լինում են նաև որոշակի խնդիրներ, երբեմն քաղաքում խցանումների պատճառով ուշացումներ են լինում, սովորաբար ավտոբուսները 15 րոպեն մեկ պետք է կանգառներում լինեն, բայց խցանումների պատճառով լինում են դեպքեր, որ 20-25 րոպե քաղաքացիները սպասում են կանգառներում։ 

Խոսելով նաև 12 տարին լրացած «Հագեր» մակնիշի ավտոբուսների մասին՝ նա ասաց, որ 13 երթուղի դեռ սպասարկում են մոտավորապես 120 «Հագեր» մակնիշի ավտոբուսներ։ 

Հովհաննես Մանուկյանը տեղեկացրեց, որ այս տարվա վերջին նվեր են ստանալու մինչև 30 նոր «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսներ, և արդեն որոշակի «Հագերներ» գծերից կազատեն և «Ժոնգթոնգները» կգործածեն, իսկ մյուս տարվա ընթացքում արդեն 250 էլեկտրական ավտոբուսներ են բերելու, և արդեն մնացած «Հագերներն» էլ դուրս կգան, ու մեր քաղաքացիներն այլևս հին ավտոբուս չեն տեսնի քաղաքում։  

Անդրադառնալով Գայի պողոտայում արդեն առանձնացված ավտոբուսի գծերին՝ Հովհաննես Մանուկյանն ասաց, որ քաղաքացիները, որոնք օգտվում են ավտոբուսից, գոհ են, ճիշտ է,  դժգոհություն կա արդեն մասնավոր մեքենաներից, բայց ամեն դեպքում իրենք Գայի պողոտայում նաև նշանների փոփոխություն են արել, որպեսզի խցանումներ չլինեն։ 

«Նաև, օրինակ, ավտոբուսի առանձնացված գիծը, որ կա, մեր քաղաքացիները կանոններին լավ չեն տիրապետում, երբ մոտենում են խաչմերուկին: Կան կետագծեր, իրենք այդ մասում կարող են անցնել և ավտոբուսի գծում կանգնել, ու իրենց վրա ոչ մի տեսակի ակտ չի գա պետավտոտեսուչի կամ տեսախիցիկների կողմից, այնպես որ՝ մեր վարորդները պետք է տիրապետեն գծանշումներին ու հետևեն կարգուկանոնին»,- ասաց Հովհաննես Մանուկյանը։

Լիլիթ Թադևոսյան

3356