ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթներով կատարված նախաքննությամբ բացահայտվել են վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր: 

Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներ Ռ. Ա.-ն և Հ. Մ.-ն, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս պարզել են, որ Ա. Ս.-ի վարած ավտոմեքենան տեխնիկական զննություն չի անցել։ Վարորդն իր կողմից թույլ տված իրավախախտումը չարձանագրելու համար փորձել է որպես կաշառք 20.000 ՀՀ դրամ  դնել պարեկ Հ. Մ.-ի գրպանը: Նույն պահին պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ա. Ս.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ էլ սթափության զննության ժամանակ պարզվել է, որ Ա. Ս.-ն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում՝ ալկոհոլի ազդեցության տակ:

 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մյուս քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ Շենգավիթի վարչական շրջանում ծառայություն իրականացնող պարեկներ Ն. Ս.-ն և Ռ. Գ.-ն կանգնեցրել են վարորդ Ա. Բ.-ի կողմից վարած ավտոմեքենան և կասկած ունենալով վարորդի կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու մասին՝ ստուգել են նրա սթափության վիճակը: Պարզելով, որ Ա. Բ.-ն գտնվել է ոչ սթափ վիճակում, կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Այդ ընթացքում Ա. Բ.-ն իր կողմից  թույլ տված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար պարեկ Ն. Ս.-ին առաջարկել է 100 ԱՄՆ դոլար կաշառք՝ այն մտցնելով վերջինիս տաբատի գրպանը: Հիշյալ վայրից Ա. Բ.-ն կաշառք տալու /առաջարկելու/ հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել է ոստիկանության բաժին:

Մեկ այլ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկներ Կ. Գ.-ն և Մ. Ս.-ն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացնելու ընթացքում կանգնեցրել են Ճ. Չ.-ի վարած ավտոմեքենան և ստուգել կողային ապակիների լուսաթափանցելիությունն ու վարորդի սթափության աստիճանը: Արդյունքում պարզվել է, որ Ճ. Շ.-ն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իսկ ավտոմեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված է եղել: Այս հանգամանքը հայտնաբերելով` պարեկ Կ. Գ-.-ն կազմել է համապատասխան արձանագրություն և Ճ. Չ.-ին մեկ տարի ժամկետով զրկել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։

Հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չկազմելու համար  Ճ. Չ.-ն մոտեցել է պարեկ Կ. Գ.-ին և քողարկված ձևով՝ իբրև շնորհակալության ձեռքսեղմամբ, նրան տվել 10.000 ՀՀ դրամ կաշառք: Նույն պահին կաշառք առաջարկելու կասկածանքով Ճ. Շ.-ն ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին:

Պարեկներին կաշառք առաջարկելու համար վարորդներ Ա. Ս.-ին,  Ա. Բ.-ին և Ճ. Չ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: 

Վերը նշված երեք քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է: Վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

357