
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թիվ 9/21 ընտրական տեղամասում քիչ առաջ քվեարկեց Երեւանի ավագանու ընտրություններում։ Սիմոնյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ակնկալիքով է եկել ընտրության, ասաց. «Որ մեր անվտանգության խնդիրը մեր այսօրվա ընտրությամբ կլուծենք»։
Վերջինս նշեց, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է իր կարծիքը հայտնում անվտանգության, ՔՊ 5 տարվա աշխատանքի վերաբերյալ՝ ազատ, անկախ ընտրությունների միջոցով. «Որը նույնպես մեր կողմից է ներդրված Հայաստանի Հանրապետության իրականության մեջ»։ Հարցին՝ եթե իշխող ուժը չհավաքի 50%-ից ավելի ձայն, արդյո՞ք ՀՀ-ն անվտանգային խնդիրներ կունենա, Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ շատ դժվար կլինի, պատկերացրեք ավելի դժվար կլինի»։
Նա հավելեց. «Ես վստահում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, երեւանցիներին, ես վստահում եմ այն գիտակցությանը, որը որ մեր ժողովուրդը ունի, որովհետեւ վերջին 5 տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներ են ծախսվել, սունկի պես աճել են լրատվամիջոցներ եւ դրանց միակ նպատակը եղել է ՀՀ իշխանություններին վարկաբեկելը։ Բայց որքանով տեսնում եք մարզերի ընտրություններից օրինակ՝ դա չի ստացվել ու չի ստացվելու»։
Լրագրողի պնդմանը, թե ՔՊ-ն վարչական ռեսուրսով մարզերից մարդկանց բերում է հանրահավաքների, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ձեր ասածը եւ ազատ, անկախ ընտրությունները մեկը մյուսին բացառում են։ Միջազգային հանրությունը, միջազգային դիտորդները, հայաստանյան դիտորդներն արձանագրում են ազատ, անկախ ընտրություններ, ապա ձեր ասածներն ուղղակի մանիպուլյացիաներ են եւ իրավիճակի սեփական պատկերացում է»։
ԱԺ նախագահն ընդգծեց՝ ամեն անգամ Ադրբեջանի կողմից փորձ է կատարվում ոչ միայն զորք կուտակելով, այլ նաեւ հարձակումներով Հայաստանին ինչ-որ բաներ պարտադրել. «Քանի դեռ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կանգնած է իշխանության մեջքին՝ մենք պինդ ենք բանակցային գործընթացների մեջ»։