Թուրքիան ցանկանում է ստեղծել քառակողմ տարածաշրջանային ձևաչափ՝ Թուրքիա, Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, և ներգրավվի տարածաշրջանում մրջնորդական քաղաքականության մեջ: Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Արցախի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների քառակողմ հանդիպում անցկացնելու մասին առաջարկին:
Նա նշեց, որ Թուրքիան վերջին շրջանում իր ակտիվությունը մեր տարածաշրջանում ուժեղացնում է, և ըստ նրա՝ դա կապված է ոչ միայն աշխարհաքաղաքական մոտեցումների, այլև կոնկրետ այն հանգամանքի հետ, որ արտգործանախարար է դարձել Հաքան Ֆիդանը, որն ավելի ակտիվ արտաքին քաղաքականության կողմնակից է:
«Եթե մինչև հիմա Ռուսաստանն է միջնորդը եղել, հիմա Թուրքիան ցանկանում է դառնալ երկրորդ միջնորդը: Սա է թուրքական քաղաքականության ռազմավարական ուղղությունը»,- ասաց նա և նշեց, որ ինֆորմացիա կա, թե Թուրքիան սկսում է այդ նախաձեռնությունը քննարկել Ռուսաստանի հետ:
Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ եթե այս քառակողմ ձևաչափին Հայաստանը մասնակցի, այն կգործի, եթե ոչ՝ ապա չի գործի, սակայն, ըստ նրա, դա Հայաստանին օգուտ չի բերի, թեև Հայաստանը պետք է կարողանա իր չմասնակցելու որոշումը լավ դիվանագիտական առումով ներկայացնել:
«Այդ առաջարկի նպատակն է, որ Թուրքիան ուժեղացնի իր դիրքերը, ազդեցությունը տարածաշրջանում և դուրս մղի Ռուսաստանին, բայց թուրքական դիվանագիտության առանձնահատկությունն այն է, որ Ռուսաստանի հետ համագործակցելով է դա անում և նույնն էլ Ռուսաստանն է անում»,- ասաց նա:
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Զանգեզուրի միջանցքի շեշտադրումներին՝ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ ակնհայտ է, որ Զանգեզուրի միջանցքը թուրքական վաղուցվա ծրագիր է: «Սա թուրքական պրոյեկտ է՝ պանթուրքիստական նպատակներ ունի: Ինչ վերաբերում է Իրանին, ապա Իրանը դեմ է, բայց եթե գործը հասնի նրան, որ Իրանը պետք է իր զինված ուժերն օգտագործի այդ պրոյեկտը վիժեցնելու համար, հազար անգամ կմտածի նոր կանի, քանի որ Իրանի և Թուրքիայի դիվանագիտությունը շատ բալանսավորված է մեկը մյուսի նկատմամբ. իրար չեն սիրում, բայց բալանսը պահում են: Իրանը հստակ հայտարարել է, որ դեմ է միջանցքին, քանի որ այդ դեպքում Իրանը Եվրոպայի հետ ստիպված կլինի կապվել թուրքական աշխարհի վրայով»,- ասաց նա և նշեց, որ այն կարծիքին չէ, որ Ռուսաստանն է ուզում այդպիսի միջանցք, առավելևս որ Ռուսաստանը նոյեմբերի իննի այդ եռակողմ հայտարարությամբ ունի այդպիսի կոմունիկացիա
«Միջանցքը առաջին հերթին Թուրքիային է ուժեղացնելու, սա առաջին հերթին Թուրքիային և Ադրբեջանին է պետք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Արևմուտքի ազեցության ուժեղացմանը տարածաշրջանում, թուրքագետն ասաց. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը ոչ մի օգուտ չի բերի Հայաստանին, Հայաստանը պետք է շարունակի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները: Արևմուտքի հետ հարաբերությունները նրբորեն պետք է խորացնել, այնպես, որ դա չառաջացնի Ռուսաստանի սուր դժգոհությունը»,- ասաց նա: