Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսն ու փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ հանդիպել են մարզի համայնքների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:

Ողջույնի խոսքում Թիերի Կովաքսն ասել է, որ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն ցանկանում է, որ Ֆրանսիայի ժողովուրդն իմանա, թե ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում, որովհետև կատարվածը հիշեցնում է հայ ժողովրդի պատմության ամենադառը օրերը, և կարևոր է, որ այն դատապարտվի:

Նա շնորհակալություն է հայտնել համախմբված ու միասնական աշխատանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին մարզում ընդունելու և տեղավորելու համար՝ զուգահեռ համեմատելով, որ նման մարդկային հոսք իրենց ռեգիոնում չէին կարողանա կառավարել և տեղավորել:

Մարզպետ Ղուկասյանն ավելացրել է, որ չի եղել երկրում ու մարզում մի իրավիճակ, որին Լորան Վոքիեն հեռախոսազանգով կամ նամակով չարձագանքի. դա վկայում է իր սրտացավության և ուշադրության մասին:

«Վերջին մեկ տարում Ֆրանսիայի ամենախոշոր ռեգիոններից մեկի նախագահը երկու անգամ եղել է Սյունիքում, Փարիզի քաղաքապետը ևս երկու անգամ եղել է Սյունիքում, սա ևս մեկ անգամ վերահաստատում է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը և մեծ ուժ տալիս մեզ»,- ասել է Ռոբերտ Ղուկասյանը:

Հանդիպման հիմնական նպատակն էր համայնքների ղեկավարներին հայտնել, որ Լորան Վոքիեի և մարզպետ Ղուկասյանի նախաձեռնությամբ Սյունիքի յոթ համայնքները կունենան քույր քաղաքներ Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնում: Սա մեծ հնարավորություն կտա առավել լրջորեն զարգացնելու համագործակցությունը, յուրաքանչյուր համայնքում աշխատելու կոնկրետ ծրագրերի վրա:

Գարնանը նախատեսվում է քույր քաղաքների քաղաքապետների այց Սյունիք, բայց Ռոբերտ Ղուկասյանի առաջարկով մինչ այդ կկազմակերպվի Սյունիքի համայնքների ղեկավարների այց ռեգիոն և  համապատասխան քաղաքներ՝ տեղում հասկանալու, թե որ ոլորտներում ինչ ծրագրերի վրա կարող են աշխատել:

«Մարզի կայունության համար կարևոր է նաև, որ այս ծրագրերն անդրադառնան երեխաների ու երիտասարդության կրթական ու մշակութային զարգացմանը: Համայնքների ղեկավարներին խորհուրդ կտամ, որ մեր հրաշալի սերնդի համար նույնպես ծրագրեր ներկայացնեն»,- նշել է մարզպետը:

Երկուշաբթի օրվանից աշխատանքային խմբեր կստեղծվեն թե՛ Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնում, թե՛ Սյունիքի մարզպետի աշխատակազմում՝ համայնքների միջև կնքվելիք հուշագրերը նախապատրաստելու և ներկայացվելիք ծրագրերի կազմման հարցում աջակցելու համար:

323