Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Սվենսոնը այցելել է Մեղրի։ Տեղում դեսպանը հանդիպել է «Վինեթ Մեղրի» Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչներին, ծանոթացել Հայաստանում ու տարածաշրջանում վերջիններիս գործունեությանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Շվեդիայի դեսպանությունից:
 
«Հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետում դեսպանին հյուրընկալել է անցակետի ղեկավար անձնակազմը, ներկայացրել անցակետի ընդհանուր տարածքը և սահմանային գործառնությունները:
 
Հաջորդիվ դեսպանն այցելել է Տաթև, որտեղ համայնքի ղեկավար Սամվել Լալայանն ու վերջինիս թիմը ներկայացրել են տեղի իրավիճակն ու իրականացվող զարգացման ծրագրերը։ Քննարկվել է նաև Շվեդիայի աջակցությամբ իրականացվող SALAR International-ի աշխատանքը, որը միտված է ժողովրդավարության ամրապնդմանը և տեղական մակարդակում լավ կառավարմանը։
 
Այցի ավարտին դեսպանը Կապանում միացել է ԵՄ առաքելության առաջատար օպերացիոն բազայի պարեկային շրջայցին՝ ականատես լինելու դիտորդների առաքելությանը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

460