Կառավարությունն այսօր նոյեմբերի 9-ի նիստում հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:

 

«Նախագծով առաջարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար, ամսական 50.000-ական դրամի չափով առաջնային սպառողական ծախսերը հոգալու նպատակով»-, ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

 

Միջոցառման շահառու կհանդիսանան 100.000 հազար դրամ միանվագ սոցիալական միջոցառման շահառու հանդիսացող անձինք, որոշ բացառություններով: Հատկապես միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող  և բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք: Խոսքը ոչ թե ընտանիքի անդամների կամ երեխաների, այլ այն անձանց մասին է, որոնք ունեն այդ դրամական միջոցները: Բացառություն կկազմեն զինծառայողների ապահովագրության հիմնադրամից  հատուցում ստացող անձինք: Ծրագրից չեն կարող օգտվել մինչեւ տեղահանումը Հայաստանում հաշվառվածները: Ծրագրից օգտվողը կտա իր բանկային հաշիվների հանրագումարային մնացորդը ստուգելու հնարավորություն:

 

Դրամական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել մեկանգամյա էլեկտրոնային դիմում, դիմումները կընդունվեն մյուս շաբաթվանից սկսած: Դիմումի ընթացակարգը կներկայացվի առաջիկա օրերին:

1281